Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր տելեգրամյան գրառման մեջ նշել է, որ արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է եւ առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ եւ արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները:
«Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»,-գրել է Բեգլարյանը: