Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան եւ Կիեւը Ուկրաինայի ապառազմականացման հարցում, որպես ընթացիկ բանակցային գործընթացի մաս, կես ճանապարհին են:
Կողմերի բանակցային դիրքորոշումը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի ապառազմականացումը, ըստ Մեդինսկու, կարելի է տարբեր կերպ գնահատել։
«Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ապա ես կասեի 50-ից 50-է: Փաստն այն է, որ ես իրավասու չեմ հրապարակելու բանակցությունների մանրամասները եւ չեմ անելու: Ո՛չ կոնկրետ թվեր, ո՛չ էլ բանակցող կողմերի փաստարկներ, բայց այս մասով մենք կես ճանապարհին ինչ-որ տեղ ենք»,- ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։
«Խաղաղություն խնդրողը ոչ թե Ուկրաինան է, այլ Ռուսաստանը»
Անդրադառնալով Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով չեզոք ապառազմականացված պետություն ձեւավորելու՝ Կրեմլի գաղափարին` Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը նշել է, որ Ուկրաինան Ավստրիան չէ, ոչ էլ Շվեդիան։
«Այդ երկրները շրջապատված են արժանապատիվ եվրոպացի հարեւաններով, որոնք կայուն քաղաքականություն են վարում եւ սահմանների փոփոխություն չեն ցանկանում։ Մեր ինքնապաշտպանական ուժերը պետք է լինեն անկախ, ուստի ապառազմականացված պետության մասին խոսք լինել չի կարող»,- հավելել է պաշտոնյան։
Ըստ Արեստովիչի՝ խաղաղություն խնդրողը ոչ թե Ուկրաինան է, այլ Ռուսաստանը։
«ՆԱՏՕ-ն մեզ չի ընդունում: Դաշինքի այդ դիրքորոշումը Ռուսաստանի սրտով է։ Դա Մոսկվայի հիմնական պահանջներից մեկն է։ Գուցե սա դառնա այն կետը, որի շուրջ հնարավոր լինի համաձայնության գալ»,- ընդգծել է Արեստովիչը։