Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» ցուցադրությունը։ Խորագիրը հուշում է՝ մեկ ցուցասրահում կարելի է տեսնել համաշխարհային մեծության երկու արվեստագետների այն աշխատանքները, որոնք ստեղծվել են նրանց՝ Փարիզում ապրելու տարիներին։
Նախորդ դարի 20-30-ականներին Քոչարը հաստատվում է Փարիզում, 1923 թվականին բացվում է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Մի քանի անգամ մասնակցում է «Salon des Indépendants»-ի («Անկախականների սալոնի») կազմակերպած ցուցահանդեսներին։
1923-1936 թվականներին Փարիզում Քոչարի ստեղծած արվեստը նրա անունը դասում է եվրոպական անվանի ավանգարդիստների շարքին։ Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստագետ, որը վերափոխեց արդի գեղանկարչության մասին պատկերացումները։
Քոչարի հետ հանդիպումը կանխորոշում է Թութունջյանի հետագա որոնումները
Լեւոն Թութունջյանը ծնվել է Արեւմտյան Հայաստանում՝ Ամասիայում: Տասնհինգ տարեկանում հրաշքով փրկվում է կոտորածից։ Հունաստան մեկնող նավ նստում է առանց ծնողների։ Հունաստանի որբանոցներից հետո տեղափոխվում է Իտալիա, այնուհետեւ՝ Փարիզ։ Կրթությունը ստանում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։
Քոչարն ու Թութունջյանը հանդիպում են 30-ականներին։ Քոչարը գնահատում է երիտասարդի տաղանդը։ Ճակատագրական հանդիպման շնորհիվ Թութունջյանը ծանոթանում է Փարիզի արվեստագիտական շրջանակի հետ։
«Երվանդ Քոչարը Փարիզ էր այդ թվականներուն, շատ բան կպարտիմ իր բարոյական քաջալերանքին։ Արվեստի մեջ նոր հորիզոններու, խիզախ որոնումներու տարիներ էին, եւ իր աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, միշտ նոր էր Քոչարը։ Ես աշխատում էի որպես խեցեգործ բանվոր։ Հանդիպումը Երվանդ Քոչարի հետ կանխորոշեց իմ կարիերան։ Նրա արվեստանոցն այցելելն ինձ համար իսկական հայտնություն էր։ Ես կապվեցի Քոչարի հետ․ հինգ տարվա ընթացքում, հետեւելով նրա խորհուրդներին, մասնակցեցի ցուցահանդեսների, կոնֆերանսների, բանավեճերի եւ զարգացա ու կատարելագործվեցի տարբեր ուղղությունների նկարիչների միջավայրում»,- իր հուշերում գրում է Լեւոն Թութունջյանը։
Թութունջյանը դառնում է տաշիզմի հիմնադիրներից մեկը: 1925 թվականին փարիզյան ցուցահանդեսներից մեկի ժամանակ նա Քոչարի միջնորդությամբ ծանոթանում է վրացի նկարիչ Դավիթ Կակաբաձեի հետ, որի արվեստը մեծ ազդեցություն է ունենում իր ստեղծագործության վրա։
«Ես նկարիչ եմ, ես փորձում եմ միահյսուսվել տիեզերքի հետ, հասկանալ նրա կառուցվածքը, ես հավատում եմ երազներին, ես տեսնում եմ տիեզերքի ուրվագծերը, ինձ համար տիեզերքը կետային համակարգի շուրջը բոլորած կիսաշրջան է, տիեզերքը մի վիթխարի զարդանկար է»,- գրում է Թութունջյանը։
Թութունջյանի «Դեղին դիմակ»-ը ցուցադրության առանցքում
Այս ցուցադրության առանցքային գործերից է Թութունջյանի «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը։ «Կոտորածի վկա դարձած մարդու հոգի, աշխարհի ամայացած էություն». այսպես է Թութունջյանը նկարագրում ցեղասպանությանը նվիրված իր կտավը, որը Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականին։
«Նման խոշոր արվեստագետների համատեղ ցուցադրություն ընդհանրապես չի եղել։ Իրավամբ, այն կարելի է համարել բացառիկ, միջազգային մակարդակի ցուցահանդես։ Փարիզի «Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում՝ Դալիի, Պիկասոյի կողքին, երեք անվանի հայ նկարիչներ են ցուցադրվում՝ Գորկի, Թութունջյան եւ Քոչար։ Մեր կերպարվեստի սրահն առաջին անգամ Թութունջյանի անհատական ցուցահանդես կազմակերպեց 2016 թվականին։ 2020-ին մտադիր էինք Թութունջյանի 115-ամյակը նշանավորել մեծ ցուցահանդեսով, համաճարակը խանգարեց»,- ասում է «Շեդեւր» կերպարվեստի սրահի տնօրեն Աբրահամ Գրիգորյանը:
Յուղաներկ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր։ Ներկայացված ստեղծագործություների մոտիվներով Աշոտ Մարաբյանն արել է ժամանակակից ինստալյացիաներ։
Ըստ թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի՝ վերջին տարիներին նորարարական մոտեցումներով հաճախ են հանդես գալիս։ «Քոչարի թանգարանն այսօր փորձում է իրականացնել ժամանակին համահունչ ցուցադրություններ՝ հաճախ դիմելով ինստալյացիաների, լուսային ու ձայնային էֆեկտների օգնությանը»։
Երվանդ Քոչարի եւ Լեւոն Թութունջյանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին, ասում են համադրողները, միեւնույն ժամանակ հավելում, որ Թութունջյանի արվեստը դեռեւս խոր ուսումնասիրության կարիք ունի։
2024 թվականին Երվանդ Քոչարի 125-ամյակն է, Կարինե Քոչարն ասում է՝ թանգարանը նշանակալի իրադարձություններով կնշի հոբելյանը։ Այս ցուցադրությունը, որ կտեւի մինչեւ մարտի 28-ը, նախատեսվում է անցկացնել նաեւ արտերկրում։

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։