Աշխարհի ամենագլոբալ եւ մեծահարուստ հայերից մեկը՝ գործարար Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի անկախության 30-րդ տարում առաջարկում է մեր երկիրը մտցնել Ռուսաստանի Դաշնության կազմ եւ լինել, օրինակ, Թաթարստան:
Հայ ժողովրդի 3000-ամյա պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ մենք ունեցել ենք կիսանկախ պետականություն, զրկված ենք եղել պետականությունից, կրել ենք մեր հարեւան պարսիկների, արաբների, թուրք-սելջուկների, մոնղոլ-թաթարների, կարակոյունլու-աղկոյունլու թուրքմենների լուծը: Եղել են ժամանակներ, երբ հայրենի հողն ու ժողովուրդը ոտնատակ են արվել: Վերջին հարյուրամյակներում հայկական հողերը Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության, Ռոմանովների Ռուսաստանի եւ վերջինիս դրսեւորումներից մեկի՝ Խորհրդային Միության մաս են կազմել:
Ռուբեն Վարդանյանը հայ իրականության մեջ առաջինը չէ, որ Հայաստանը տեսնում է հովանավոր պետության կազմում, ինչպես Թաթարստանն է Ռուսաստանի կազմում: Այսպես, Օսմանյան կայսրության հայերն ու քաղաքական ուժերը երկար ժամանակ ձգտում էին ինքնավարություն ունենալու: Այդ պայքարը, սակայն, հայ ժողովրդի համար դժոխային ավարտ ունեցավ՝ Հայոց ցեղասպանությունը:
Ի՞նչն է պարոն Վարդանյանին մղել այն եզրակացությանը, որ անկախ եւ ինքնիշխան (դեռեւս) Հայաստանի ապագան Թաթարստանի, այն է՝ Ռուսաստանի մեջ է: Ենթադրաբար, իրողություններից մեկը 44-օրյա աղետալի պատերազմն է, որից մենք չենք կարողանում դուրս գալ նաեւ գործող իշխանությունների ապաշնորհության պատճառով:
Բայց արդյոք պարտությունը հայ բուրժուազիային այնքան է թեւաթափ արել, որ մտածում ենք մեր ֆիզիկական գոյությունը եւ լեզուն պահելու մասին միայն, եւ դրա միջոցը Ռուսաստանի կազմ մտնելն է, այն էլ՝ թյուրքալեզու Թաթարստանի կարգավիճակը:
Իսկ գուցե պետք է շշմեցնող պարտությունից հետո ճիշտ գնահատել մեր ուժերը եւ ըստ այդմ հարաբերություններ հաստատել աշխարհի, Ռուսաստանի եւ անմիջական հարեւանների հետ՝ անպայման եւ առանց սակարկությունների պահպանելով Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք 2020-ի սեպտեմբերի 26-ին՝ քուն մտնելուց առաջ, պարոն Վարդանյանը Թաթարստան էր երազում։ Ի՞նչ է արել նա՝ որպես հայ նշանավոր գործարար եւ վառ անհատականություն, թույլ չտալու համար սեպտեմբերի 27-ի աղետը:
Այս հարցը, ի դեպ, պետք է ինքներս մեզ տանք բոլորս: Ի՞նչը սխալ արեցինք, որ 2020-ի սեպտեմբերի 26-ին երազում էինք Մեծ Հայաստան՝ Քուռ-Արաքսյան միջագետքով, իսկ այսօր մտածում ենք ինչպես դուրս մղել Ներքին Հանդ, Սեւ լճերի հատված, Վերին Շորժա ներխուժած ադրբեջանցիներին, ինչպես ապահովել Սյունիքի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության եւ Արցախից մնացած հողակտորի անվտանգությունը:
Անցնող շաբաթ խոսեց նաեւ հայ դիվանագետը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված էր հրապարակել եւ պնդել, որ խաղաղությունը օրակարգ չէ, Հայաստանը պետք է ունենա այլ օրակարգ, այն է՝ ամրագրել երկու կարեւորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Պարոն Օսկանյանը գրել էր, որ չի ընդունում տարածված տեսակետը, թե ԼՂԻՄ-ի կորցրած տարածքների նկատմամբ պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։
Երբ նախկին արտգործնախարարը թղթին էր տալիս իր այս պահանջատիրական գիրը, ադրբեջանցիները ներխուժում էին Ներքին Հանդ եւ նոր հենակետ տեղադրում Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ մեկ այլ ուղղությամբ շարունակում փակ պահել Արցախ մտնող գազատարը՝ մեր հայրենակիցներին զրկելով կենսական նվազագույն պայմաններից:
Պարոն Օսկանյանը կարո՞ղ է հստակ քայլերով ցույց տալ, թե ինչպես է հնարավոր ադրբեջանցիներին դուրս մղել Շուշիից, Հադրութից եւ մյուս գրավյալ տարածքներից, որոնք մտնում էին ԼՂԻՄ-ի մեջ: Ճիշտ նույն կերպ պետք է պատասխանել (խոսքը Օսկանյանի մասին չէ միայն), թե ինչու կյանքի չկոչվեց Մադրիդյան փաստաթուղթը, ինչու չկարողացանք պահել յոթ շրջանները, ինչու չկարողացանք պահել Քարվաճառը, ինչու չկարողացանք պահել Լաչինի միջանցքը, ինչու չկարողացանք պահել ԼՂԻՄ-ը, ինչու չենք կարողանում ադրբեջանական ներխուժումների դեմ առնել ՀՀ ինքնիշխան տարածքում:
Եթե ես 2020-ի սեպտեմբերի 26-ին օգտագործեի ԼՂԻՄ ձեւակերպումը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին Թաթարստան եւ նոր միություն երազող գործարարի կամ նախկին նախագահի վերահսկողության տակ գտնվող կուսակցություններն ու նրանց քարոզչությունն իրականացնողները: Այդ ինչպե՞ս եղավ, որ հիմա պահանջատիրության ձեր սահմանները համապատասխանեցնում եք ԼՂԻՄ-ի սահմաններին:
Եվ կարեւորագույն հարցերից մեկը, որը կրկին միայն պարոն Օսկանյանին չէ ուղղված, այլ բոլոր նրանց, ովքեր Հայաստանը Թաթարստան են տեսնում, բայց անձնուրաց պայքար են մղում արդեն ոչ թե 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի, այլ ԼՂԻՄ-ի համար՝ Շուշիով ու Հադրութով:
Այսինքն՝ մենք հրաժարվում ենք Հայաստանի ինքնիշխանությունից եւ անկախությունից, դառնում ենք Թաթարստան, որ հանգիստ ապրենք Ռուսաստանի հովանու տակ ու մյուս կողմից հասնում ԼՂԻՄ ինքնորոշմա՞նը: Սա ի՞նչ է, եթե ոչ քաղասքական նոնսենս:
Ցավալիորեն, միայն Ռուբեն Վարդանյանը չէ, որ անվտանգ եւ ապահով Հայաստանը տեսնում է Ռուսաստանի գրկում: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւողականորեն խոսում է Ռուսաստանի հետ ինչ-որ միության մասին, Վլադիմիր Պուտինի հետ քիմիայի մասին: Դա նույնպես Թաթարստան է, պարոնա՛յք:
Ի վերջո, եթե այսպես շարունակենք վարվել Հայաստանի հետ, կարող ենք նաեւ կորցնել այն: Աշխարհում 6000 ազգեր կան, մինչդեռ ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը չի հասնում 200-ի: Մենք՝ հայերս ու Հայաստանը, այդ 200 բախտավորների մեջ ենք: Դեռեւս:
Հիմա, հենց այսօր, հենց այս պահին մենք պետք է ճիշտ հաշվարկ անենք, ճիշտ գնահատենք մեր ուժերը, աշխարհում ստեղծված կացությունը, տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, մեր անմիջական եւ մերձակա հարեւանների հետ հարաբերությունները՝ առանց հույզերի ու պատրանքների, սառը մտքով, իրատես մոտեցումով՝ հիմքում դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը:
Այլապես մենք մի օր կարող է անգամ Թաթարստան երազելու հնարավորությունից զրկվենք:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։