ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին եւ մյուս գերիներին, ինչպես նաեւ ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների:Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Նրանք ընդգծել են, որ ահազանգեր են ստանում այն մասին, թե ռազմագերիներն ու մյուս գերիներն առանց որեւէ դատական գործընթացի սպանվում են, անհետանում, ենթարկվում են բռնությունների ու դաժան վերաբերմունքի:
«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումներն ու բռնի անհետացումները: Նմանօրինակ գործողությունները եւս ռազմական հակամարտության ժամանակ կարող են համարվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծել են մարդու իրավունքների հարցերով փորձագետները:
Նրանք հատկապես ահազանգել են մահացած անձանց մարմինների նկատմամբ խոշտանգումների փաստերի առնչությամբ: «Երկու կողմերն էլ սկսել են վերադարձնել ռազմագերիներին ու մյուս գերիներին, եւ մենք կոչ ենք անում նրանց իրականացնել դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հստակեցնել անհետ կորածների ճակատագիրն ու արժանապատվորեն վերաբերվել մահացած անձանց մարմիններին»։
Փորձագետները կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին ամբողջական, անհետաձգելի, անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել հակամարտության ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին եւ հատուցել տուժածներին: Նրանք հավելել են նաեւ, որ հետագայում եւս շարունակելու են փոխգործակցությունը երկու երկրների իշխանությունների հետ եւ հետեւելու են իրավիճակին: