Ռուսական «Իզվեստիա» պարբերականը տեղեկացրել է, որ Ռուսաստանում էլեկտրոնիկայի խանութները ստիպված են հրաժարվել տեխնիկայի տարաժամկետով (ապառիկ) վաճառքից:
Տարաժամկետից հրաժարվելու պատճառը ՌԴ Կենտրոնական բանկի՝ հանգուցային դրույքաչափի բարձրացման որոշումն է, ինչպես նաեւ արժույթների փոխարժեքի անկայունությունն ու կտրուկ գնաճը: ՌԴ-ում տվյալ պահին տարաժամկետով Apple-ից re:Store տեխնիկա գնել հնարավոր չէ, սակայն ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից:
«Մ.Վիդեո-Էլդորադո» ցանցի ներկայացուցիչ Վալերիա Անդրեեւան էլ պարզաբանել է էլեկտրոնիկայի տարաժամկետով վաճառքը չեղարկելու որոշման դրդապատճառները:
«Սա պրոմո տարբերակներից մեկն է, որի շրջանակում ռիթեյլերն իր վրա է վերցնում վարկի սպասարկման ծախսերը: Ստեղծված իրավիճակում, երբ ռուբլին զգալի թուլացել է, լրացուցիչ պրոմոմեխանիկների չեղարկումը մանրածախ գների զսպման միջոցներից մեկն է»,- ասել է ցանցի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ապրանքների եւ գների համեմատության Price.ru. ծառայությունն անցկացրել է կենցաղային տեխնիկայի շուկայի ուսումնասիրություն եւ հանգել այն եզրակացության, որ խոշոր կենցաղային տեխնիկան Ռուսաստանում երեք շաբաթում միջին հաշվով թանկացել է 50 տոկոսով, իսկ դրա պահանջարկը կտրուկ ավելացել է ավելի քան կրկնակի:
Նկատվում է խոհանոցային խոշոր տեխնիկայի գների եւ պահանջարկի մեծ աճ: 239,5 տոկոսով ավելացել է օդորակիչների պահանջարկը, առանձին նմուշներ թանկացել են 52 տոկոսով: