Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր եւ բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Միրզոյանը Լավրովին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: