ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտնել է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական:
Խնդիրը 2021-ի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում, շարունակում է ուժի մեջ մնալ նաեւ Ադրբեջանում ՄԻԵԴ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը:
2021-ի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի կոչ անող բանաձեւ:
Միրզոյանը հիշեցրել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումները: Դատարանը հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ եւ էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը եւ խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի եւ պղծման գործողությունները:
ՀՀ արտգործնախարարը մարտի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանում դեռեւս անօրինականորեն պահվում են հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք, որոնց Բաքուն հրաժարվում է ազատ արձակել եւ վերադարձնել:
Ավելի վաղ հայ իրավապաշտպանները հայտնել էին, որ ապացույցներ ունեն մոտ 80 անձի գերության վերաբերյալ: