«Նախագահ Էրդողանն աշխարհում առաջինն է, ով, որպես երկրի ղեկավար, անձամբ մասնակցելու է Metaverse-ի մասին մասշտաբային ֆորումի»,- հաղթականորեն հայտարարեց Sabah օրաթերթը՝ նկատի ունենալով մարտի 21-ին Անկարայում մեկնարկող «Metaverse եւ աշխարհ», «Metaverse եւ արժեքներ» ֆորումը։
Նախագահ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին տանում է դեպի վիրտուալ իրականություն, կրիպտոարժույթ, արհեստական բանականություն՝ մշտապես համընթաց քայլելով աշխարհի նորարարությունների հետ։ Իսկ որտե՞ղ են իրենց իրականում զգում Թուրքիայի քաղաքացիները։
Մինչ Թուրքիայի նախագահը բոլոր ամբիոններից խոսում է կանանց իրավունքների պաշտպանության մասին, նշում մի շարք դրական տեղաշարժեր տարբեր ոլորտներում ներգրավված կանանց ու տղամարդկանց հավասար թվի մասին ու խոնարհվում կանանց ներդրումների առաջ, փողոցում իրականությունն այլ է։ Առցանց մամուլի ոչ մի հարթակում մարտի 8-ին Էրդողանի ելույթից բացի ոչ մի այլ նյութ չի դրվում։
Այնինչ օրեր անց յութուբյան ալիքներում հրապարակված անկախ լրագրողների թողարկումներից պարզվում է, որ հենց նույն ելույթի ժամանակ՝ մարտի 8-ին, Ստամբուլի քաղաքային իշխանությունները փակել էին Իսթիքլալ պողոտա տանող մետրոյի կայարանները։ Սրա նպատակն էր խանգարել կանանց իրավունքների համար խաղաղ բողոքի ակցիա իրականացնող անձանց՝ իրացնելու խաղաղ ցույցերին մասնակցելու իրենց իրավունքը։
Նախորդ շաբաթվա դրությամբ Թուրքիայում բենզինի ու սննդի արժեքներում եռակի աճ է գրանցվել։ Բայց դա դեռ վերջնակետը չէ։ Իրավիճակն այնքան է սրվել, որ աշխատանքի եւ սոցիալական անվտանգության նախարարը խոսել է նվազագույն աշխատավարձերի՝ տարվա մեջ երկրորդ անգամ բարձրացնելու մասին։ «Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կվերանայվի, եթե արտասովոր պայմաններ ստեղծվեն»,- ասել է նախարար Բիլգինը։ Իսկ ծայրահեղ արտասովոր պայմանները, կարծես, արդեն կան։
Խանութներում արեւածաղկի ձեթի ու ալյուրի համար հերթեր են գոյացել, իսկ իշխանությունն արդարանում է նրանով, որ, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, Ազովի ծովում էին մնացել ալյուր ու արեւածաղկի ձեթ փոխադրող 8 բեռնատար նավերը։ Սրանց՝ դեպի Թուրքիա վերջապես շարժվելու համար պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բանակցություններ էր վարել իր ռուս գործընկերոջ հետ, ինչից հետո դրանցից մի քանիսը կարողացել էին բեռները տեղ հասցնել։ Իսկ ընդդիմությանն այս արդարացումը չի բավարարում․ ինչո՞ւ պիտի երկիրն այսպիսի տնտեսական կախվածության մեջ լիներ դրսից։
Թուրքիայի նախագահ Էրդողանը եւս մի «հաղթանակ» գրանցեց․ մարտի 18-ին շահագործման հանձնվեց աշխարհում ամենամեծ կամուրջներից մեկը՝ «1915 Չանաքքալե»-ն։ Իր բացման ելույթում նա նշեց, որ սա Թուրքիայի տնտեսությանը մեծ եկամուտներ կբերի, մոտ 118 հազար նոր աշխատատեղ կստեղծվի․ «Մեկ մեքենայի վճարը կամրջով երթեւեկելու համար 200 լիրա (12.5 եվրո) կլինի։ Թա՞նկ է»։ Վերջում էլ հավելեց, որ եթե ծրագիրն իրականացնող կազմակերպությունները կամրջի երթեւեկությունից խոստացված եկամուտները չստանան, ապա պետությունը ստիպված կլինի բյուջեից վճարումը կատարել։
Դե իսկ սա, ընդդիմադիր Sözcü-ի տնտեսական վերլուծաբան Սերքան Ուսթունի գնահատմամբ, Թուրքիայի պետական բյուջեում նոր «սեւ անցք» կբացի, որովհետեւ պետությունը գործող կամուրջների շահագործման համար միլիարդներով երաշխիքային վճար պետք է տրամադրի։ Իսկ նոր բացված կամրջի երաշխիքային վճարը 6 միլիարդ եվրոյի է հասնում։