Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետեւանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել` 5 զինվորական եւ 10 խաղաղ բնակիչ։
«Ուկրաինայի հայ համայնքի վիճակն ընդհանուր առմամբ վատ չէ։ Արեւմտյան Ուկրաինայի հայերի համար իրավիճակը ծանր է, սակայն ավելի խաղաղ պայմաններում են, իսկ մնացած մասերում գտնվողների վիճակն այնպիսին է, ինչ մյուսներինը։ Սննդամթերքի խնդիր կա, օրինակ, Սումիում, Չեռնիկովում, Խերսոնում»,– ասել է Մկրտչյանը։
Ըստ նրա` Խարկովում եւ Մարիուպոլում նույնպես վիճակը ծանր է, քանի որ ամեն ինչ փակ է` դեղատներ, խանութներ, իսկ առաջին անհրաժեշտության մթերքը չեն կարողանում տեղ հասցնել։
«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Մկրտչյանը նշել է, որ տեղեկություն չկա` քանի հայ է լքել Ուկրաինան։ Սահմանապահ մարմիններին խնդրել են տվյալներ տրամադրել, թե «յան» ազգանունով քանի մարդ է հատել սահմանը, պատասխանել են, որ հոսքը մեծ է, տարանջատելու հնարավորություն չունեն։ Ըստ նրա՝ Կիեւում 50-հազարանոց հայ համայնքից կեսից էլ քիչ հայ է մնացել։
Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահը հավելել է, որ ՀՀ քաղաքացիները հանգիստ լքում են Ուկրաինան` հայտնվելով ԵՄ գոտում, որպեսզի այնտեղից Հայաստան վերադառնան։
Ինչ վերաբերում է ազգությամբ հայ, բայց Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ծերերին, կանանց ու երեխաներին, նրանք եւս անարգել հասնում են ԵՄ գոտի՝ այնտեղից այլ երկիր տեղափոխվելու համար։