Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին եւ դիմում հանցավոր քայլի»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով: