Մամուլի վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հերքեց խոսակցությունները, որ Անվտանգության խորհրդի 1998-ի հունվարի 7-8-ի նիստում ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինքը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ներկայացրել են Արցախի 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող քարտեզ եւ պահանջել, որ նա կա՛մ իրականացնի այդ տեսլականը, կա՛մ «չխանգարի իրենց»։ «Ես նման բան չգիտեմ»,- ասաց Հայաստանի երկրորդ նախագահը։
Բայց այդ դեպքում ո՞րն էր Տեր-Պետրոսյանին հրաժարականի պահանջ ներկայացնելու շարժառիթը (հիմնավորումը դեռ մի կողմ թողած)։ Տեր-Պետրոսյանի պաշտպանած տարբերակով հայկական վերահսկողության տակ էր մնում նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքը, Պաշտպանության բանակը պահպանվում էր, ինչպես նաեւ՝ ԼՂՀ պետական-քաղաքական համակարգը, սահմանվում էր բուֆերային գոտի, որ պետք է մնար չբնակեցված, Շուշի ադրբեջանցիների վերադարձը հավասարակշռվում էր Շահումյան հայ տեղահանված բնակչության վերադարձի իրավունքով, իսկ իրավական առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից ճանաչվում էր իրավահավասար սուբյեկտ։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը վերջերս արդարացիորեն ասաց, որ դա Ադրբեջանի կապիտուլյացիան էր, ինչից նրան «փրկեց Ռոբերտ Քոչարյանը»։ Առարկություն, հերքում չհետեւեց։ Ասելիք չկա, որովհետեւ իշխանափոխությունից երկու ամիս անց, ինչպես նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վկայեց, Հայաստանը Ռուսաստանին խնդրել է միջնորդել, որ Ադրբեջանը համաձայնի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ԼՂ-ի հետ «ընդհանուր պետություն կազմելու» գաղափարին, եւ շատ կոպիտ մերժվել։
Երբ Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովը եւ ԼՂ-ի հարցով Ելցինի հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովը Բաքվում ներկայացրել են «ընդհանուր պետություն» տարբերակը, Հեյդար Ալիեւը միայն մի նախադասություն է արտաբերել․ «Պարոնա՛յք, դուք կատակո՞ւմ եք», եւ թեման փակվել է։
Բայց ինչո՞ւ փորփրել անցյալը, ինչո՞ւ «աղ ցանել վերքերին»։ Հնարավո՞ր է մոռանալ, մոռացության տալ։ Սեփական կամքին բռնանալով՝ այո՛։ Պետական շահի գիտակցումով՝ այո՛։ Մանավանդ երբ մի իրավիճակում ենք, երբ վերադարձ անցյալում քննարկված ոչ մի տարբերակի չի լինելու, անհնար է, բացառված։ Նոր իրողությունները թելադրում են իրենց տրամաբանությունը։
Բայց երբ կարդում ես, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է՝ Արցախը պարտվի, եւ արցախյան թեման փակվի, որ փուլային իր տարբերակը այսօրվա ֆոնին երանելի մի բան թվա, որպեսզի ինքն ավելի վստահ կարողանա ասել՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի, դուք՝ սխալ, եւ իմ հրաժարականն էլ 1998-ին անիմաստ էր, եւ այս տարիների զրկանքներն էին անիմաստ», https://hraparak.am/post/0eb22dcbc2d9d60b68a4f02950ffe2c5, ցավով հասկանում ես, որ ոչինչ չի փոխվել, Հայաստանում ամեն ոք դատում է «իր փչացածության չափով»։
Եվ ակամա հիշում ես, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես էր բացատրում երեք նախագահներով միանալու, իշխանության հայտ չներկայացնելու, միասնաբար Փաշինյանին հեռացնելու եւ «տեխնոկրատների» կառավարություն ձեւավորելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկության մերժումը․ «Ես հասկացա, որ նա ուզում է փակել իմ ճանապարհը»։
Իշխանությա՜ն վերադառնալո՜ւ ճանապա՜րհը․․․
Եվ մտածում ես, որ նա, իրոք, ճիշտ է ասում․ 1998 թվականի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինից զատ նաեւ Քելբաջարը պահելու հարց չի քննարկվել։ Դրվել է միայն իշխանությունը հանձնելու պահանջ՝ կոշտ, առարկություն չվերցնող, քննարկման ոչ ենթակա վերջնագիր։ Եղել է մեկ նպատակ՝ տիրանալ բարձրագույն իշխանությանը։
Եվ 2021-ի խորհրդարանական ընտրություններին էլ «Հայաստան» դաշինքը գնացել է միայն եւ միայն իշխանություն վերցնելու նպատակադրվածությամբ։ Ինչո՞ւ, ի՞նչ հարց պիտի լուծեին, այդ մասին՝ ոչ մի խոսք։ Սին է «կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը» կարգախոսը, եթե չկա ԼՂ կարգավորման հայեցակարգ։ Ի՞նչ է նշանակում «Արցախը չենք թողնի թշնամուն/Թեկուզ մի հայ մնա կենդանի» երգը։
Ի՞նչ հասկանալ, երբ արցախահայուհի մտավորականը հայտարարում է․ «Կմորթվենք մեր տանը, բայց Արցախը չենք զիջի»։ Մորթվելուց հետո ի՞նչ Արցախ, կամ ո՞ւմ է պետք Արցախը, եթե աշխարհում «մի հայ պիտի մնա»։ Ինչո՞ւ են այս զառանցանքը ներշնչում։ Դուք կարծում եք՝ 19-րդ դարավերջի ռոմանտի՞զմն է վերադարձել։ Ես էլ էի միամտորեն այդպես ներշնչված։
Գազատարի խափանման, Արցախի մի քանի համայնքների ուղղությամբ թշնամու սադրանքների շուրջ քարոզչա-տեղեկատվական հստակ ուղղորդվածությունը, ենթատեքստային հղումները եւ թիրախավորումները համոզեցին, որ գործ ունենք խորքային «իշխանության» մի դիվական ծրագրի հետ՝ ավելի խոր ցավ պատճառել, ժողովրդի կյանքը «դժոխք դարձնել», ոչ մի խարդավանքի առջեւ չընկրկել, միայն թե տեղի ունենա ցանկալին՝ «ամբոխները խելագարվեն» եւ թափվեն Ստեփանակերտի, Երեւանի փողոցները, ոտքի տակ տան ամեն ինչ եւ բոլոր «ջհուդա-թրքամոլներին», հարթեն «ճերմակ ձիավորի» վերադարձի ճանապարհը՝ թեկուզ հարյուրավոր դիակների եւ արյան լճերի վրայով։
Ես միամտություն ունեի կարծելու, թե «գաղափարական» իշխանափոխության, «ռոմանտիզմի» բերած կորուստների համար մարդիկ ապաշխարանքի մի քանի բառ կասեն եւ կամ կքաշվեն ապահովության իրենց դղյակները կամ ունեցած հնարավորություններն ի սպաս կդնեն աղետի հաղթահարման, խաղաղության հաստատման, ԼՂ հնարավորինս ոչ շոկային կարգավորման գերնպատակի իրացմանը։ Պարզվեց՝ չարաչար սխալվել եմ։ Մնում է մի բան․ սկզբունք ընդունել հների իմաստնությունը՝ խոտորնակին՝ խոտորնակ։ Բայց դա «տաճար տանո՞ղ» ճանապարհ է․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։