Թուրքիայի ռազմածովային ուժերի Սամսունի վարչությունը Սեւ ծովում նավարկող նավերին հորդորել է զգուշանալ ծովում թափառող ականներից, հայտնում է Hürriyet պարբերականը։
«Տեղեկություն կա, որ Սեւ ծովի Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ եւ Յուժնի նավահանգիստների մոտակայքում տեղադրվել են 420-ից ավելի ականներ: Ծովում բարձրացած ուժգին ալեկոծության հետեւանքով դրանք կարող են պոկվել եւ լողալ դեպի թուրքական ափեր: Այս պատճառով Սեւ ծովում նավարկող եւ հետախուզում իրականացնող բոլոր նավերին հորդորում ենք խիստ ուշադիր լինել հնարավոր ականների հանդիպելիս եւ անմիջապես զեկուցել համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Թուրքիայի ռազմածովային ուժերի տեղեկությունների՝ դեռեւս հայտնի չէ, թե Օդեսայի մոտակայքում տեղադրված 420 ականներից քանիսն են պոկվել տեղադրման վայրերից ու վերածվել թափառող ականների։ Սակայն դրանցից անգամ 5-ի պոկվելը խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։
Թուրքական կողմը հստակ չի նշել, թե այս ականներն ում կողմից են տեղադրվել՝ ասելով, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան փորձում են մեղքը բարդել մեկը մյուսի վրա, փոխանցում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը