Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 22-ին կմեկնարկի ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին` 3-րդ փուլը, որի ժամանակ կվիճարկվեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Մրցաշարին դարձյալ կմասնակցի 16 շախմատիստ, այդ թվում մեր հայրենակից, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Վիճակահանությամբ Արոնյանն ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Հիկարու Նակամուրան, Անդրեյ Եսիպենկոն եւ Գրիգորի Օպարինը: Մեկ փուլից հետո Լեւոն Արոնյանն ունի վարկանիշային 10, իսկ ամերիկացի շախմատիստը` 13 միավոր: Հենց նրանք էլ համարվում են երկրորդ ուղեգրի հիմնական թեկնածուները, քանի որ առաջինը գրեթե նվաճել է երկու փուլից հետո 20 միավոր վաստակած հունգարացի Ռիխարդ Ռապորտը:
Եռյակի պայքարին կարող են խառնվել նաեւ 7-ական միավոր վաստակած Լեռնիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ Անիշ Գիրին: Սակայն երկրորդ ուղեգրին հավակնելու համար Վաշիե-Լագրավն ու Գիրին պետք է անպայման հասնեն եզրափակիչ:
Շախմատիստները սկզբում խմբերում երկու շրջանով կպայքարեն առաջին տեղերի համար: Հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ եւ պայքարը կշարունակեն օլիմպիական մրցակարգով: Մրցաշարի հաղթողը կստանա վարկանիշային 13, եզրափակիչում պարտվողը` 10, իսկ կիսաեզրափակիչում պարտվողները` 7-ական միավոր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 4-ին: