«Ուկրաինսկայա պրավդան» հայտնել է, որ ՌԴ-ի զորքերը Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով Դոնեցկից եւ Լուգանսկից անօրինականորեն Ռուսաստան են տեղափոխել 2389 երեխայի։
Պարբերականը նշել է, որ քաղաքացիական բնակչության, մասնավորապես երեխաների ստիպողական տեղաշարժը «ագրեսոր պետության տարածք» առեւանգման հատկանիշներ է պարունակում։ Նման գործողությունը պարբերականը գնահատել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում։
«Ավերելով տներն ու սպանելով ծնողներին՝ ՌԴ-ն ուկրաինացի երեխաներին զրկում է ծնողական խնամքից, նրանց հետագա կյանքը ՌԴ-ում ենթարկում վտանգի»,- նշում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Ուկրաինայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը հորդորել է անհապաղ արձագանքել երեխաների անօրինական դուրսբերմանը երկրից, ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ ստիպելու համար դադարեցնել բարբարոսական պատերազմն ընդդեմ ուկրաինական ժողովրդի։
«Երեխաների առեւանգման փաստերը, քաղաքացիական բնակչության դեմ ռուսական զորքերի հանցանքների հարյուրավոր այլեւայլ փաստերի հետ մեկտեղ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանգամանորեն փաստաթղթավորում են։ Այդ հանցագործությունների համար բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,- ասված է Ուկրաինայի իրավապահների հայտարարության մեջ։