ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան հրաժարվել է խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ բանակցություններից ավելի վաղ հակառուսական պատժամիջոցների ներդրման պատճառով:
«Ներկա պայմաններում ռուսական կողմը մտադիր չէ շարունակելու Ճապոնիայի հետ բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ․ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում եւ ձգտում է վնասելու մեր երկրի շահերին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միեւնույն ժամանակ Մոսկվան դադարեցրել է Ճապոնիայի քաղաքացիների՝ առանց վիզայի այցելությունները հարավային Կուրիլյան կղզիներ։ ՌԴ-ն դադարեցրել է նաեւ Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ Տոկիոյի հետ բանակցությունները։
Մեկ այլ որոշմամբ ՌԴ-ն արգելափակել է Ճապոնիայի՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերոջ ոլորտային երկխոսության կարգավիճակի երկարաձգումը։