ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ կենսաբանական եւ քիմիական զենքի առկայության վերաբերյալ ռուսական կողմի ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ Բայդենի՝ ռուսների պնդումներն ակնհայտորեն վկայում են, որ ՌԴ իշխանություններն ուսումնասիրում են զենքի այդ երկու տեսակների օգտագործման հնարավորությունը:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորման համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին եւ գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի եւ սիբիրախտի հարուցիչների հետ:
ՌԴ-ի ռազմական գերատեսչությունը հայտարարել է նաեւ, որ Ուկրաինայի տարածքում ստեղծվել է Պենտագոնի համար աշխատող ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց։
ԱՄՆ հայտարարությունները զրպարտություն է որակել
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ուկրաինայում Ռուսաստանի քիմիական եւ կենսաբանական զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները զրպարտություն է որակել:
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ-ը մինչեւ հիմա չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, եւ այդ գործընթացը ձգձգվում է:
Ռուս դիվանագետը նաեւ նշել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները խզման եզրին են, սակայն կարգավորման հեռանկարը հնարավոր է, եթե Վաշինգտոնը դրական ազդեցություն ունենա Կիեւի վրա: