Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անասնակերի համար ոչ պիտանի ծղոտն այլեւս ո՛չ այրում են, ո՛չ էլ թափում։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) գրասենյակը դրամաշնորհ է տրամադրել, որ Ախուրյանում բիովառելիք արտադրեն:
«Կոշտ կենսավառելիքի արտադրության եւ էներգաարդյունավետ վառարանների կիրառության ընդլայնում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում» ծրագրի շրջանակում 2017 թվականից «Վանանդ» հասարակական կազմակերպության եւ «Ախուրյանի համայնքային զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ նախագիծը մտքից գործի է վերածվել։
ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի հայաստանյան գրասենյակը 111 հազար ամերիկյան դոլար, համայնքն էլ 10 միլիոն դրամ են ներդրել եւ Ախուրյանում ընտրել են տարածքը, բարեկարգել եւ ցանկապատել։ Այնուհետեւ Լեհաստանից բերել են գլխավոր հոսքագիծն ու ստացել բիովառելիքի առաջին արտադրանքը։ 2019-2020 թվականների ձմռանն արդեն 80 տոննա բիովառելիք են արտադրել եւ իրացրել առանց խնդիրների։
Կենսավառելիքի հումքը բացառապես ծղոտն է։ Արտադրողը վստահեցնում է, որ այն վառելափայտից բարձր ջերմատվություն ունի։ Շուկայական գինն էլ սահմանվել է մոտ 80000 դրամ՝ 1 տոննայի համար:
Ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը բիովառելիքի գործարան ունենալու մի քանի կարեւոր պատճառ է նշում։
«Առաջինը՝ հողի դեգրադացումն ենք կանխում, որի պատճառը ծղոտը դաշտում այրելն է։ Երկրորդը՝ կփոխվի մարդկանց գիտակցությունը, որ ծղոտը հավելյալ եկամո՛ւտ է, ո՛չ թե աղբ։ Եվ ամենակարեւորը, չհատելով անտառները, կունենանք վառելիք»։
Անցնող տարվա աննախադեպ երաշտի հետեւանքները, սակայն, չշրջանցեցին նաեւ բիովառելիքի արտադրամասի գործունեությունը։ Այն ծղոտը, որն ամեն տարի որպես անասնակեր չէր օգտագործվում, այս տարի խոտից էլ թանկ գնով անգամ չէր ճարվում։ Հումքի բացակայության պատճառով մի ամբողջ տարի արտադրամասի դռները կողպվեցին։
Ծրագրի ղեկավարն ասում է՝ ՄԱԿ-ի ծրագրերի փորձագետների հետ սերտ աշխատել են, փոփոխություններ արել ու գտել լավագույն լուծումները։
Արտադրամասի տարածքում կառուցվում է մեծ պահեստ, որտեղ կկուտակվի 800-1000 տոննա ծղոտ, ինչի շնորհիվ կապահովագրվեն հումք չունենալու վտանգից։
Որպեսզի հումքը շատ լինի, քիչ չլինի, հիմնադրամի տնօրեն Սամվել Սաֆարյանն էլ ասում է՝ թիմը եւս մեկ լուծում է մտմտում․ ուզում են հատուկ էներգետիկ մշակաբույսերի սերմացուներ ներկրել, մշակել եւ օգտագործել որպես հումք։
Գեւորգ Պետրոսյանն այս ուղղությունը Հայաստանի համար հեռանկարային է համարում՝ հաշվի առնելով, որ մեր երկիրն անցնում է կանաչ տնտեսության։ Կառավարության ուշադրությունն է հրավիրում ոլորտի խորքային զարգացման վրա։ Ասում է՝ Հայաստանի պայմաններում տեղական արտադրողի ուժերով բիովառելիքի արտադրամասի հաստոցներ արտադրելը բարդ չէ։ Տեղական հոսքագծերով արտադրամասերի փոքր օրինակները կարող են տեղադրվել մեծաթիվ համայնքներում, եւ կլուծվի ե՛ւ հումքի, ե՛ւ ճանապարհածախսի հարցը։ «ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ստեղծված այս լավ օրինակները պետք է բազմարկվեն տեղի բիզնեսների, տարբեր կառույցների ներդրումներով»,- վստահեցնում է ծրագրի ղեկավարը։
Ծրագրի ավարտից հետո՝ մոտ ապագայում, Ախուրյանի բիովառելիքի արտադրամասը հանձնվելու է համայնքին, որի կառավարումն իրականացնելու է հիմնադրամը։ Առկա են փոխադարձ վերահսկողության բոլոր պայմանները։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։