Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը, որը նախօրեին հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի հետ, հայտնել է, որ Բելգրադը չի միանա հակառուսական պատժամիջոցներին, չի արգելի ռուսական լրատվամիջոցների գործունեությունն ու ռուսական մշակութային միջոցառումները։
«Սերբիան երբեք չի միանա հակառուսական հիստերիային, որի ժամանակ խլվում է քաղաքացիների եւ հենց ՌԴ-ի սեփականությունը, դպրոցներից չի վռնդի ռուս երեխաներին, իսկ ռուս գրողներին ու գիտնականներին չի հանի դպրոցական դասագրքերից»,- շեշտել է նախարարը:
Սերբիայի ՆԳ նախարարը նշել է, որ ռուս գրողներին, գիտնականներին, հերոսներին բացառող քաղաքակրթությունը, որը կհրաժարվեր այն ամենից, ինչ ռուս ժողովուրդը տվել է աշխարհին, շատ աղքատ քաղաքակրթություն կլինի։ Վուլինը հավելել է, որ Սերբիան ինքնուրույն պետություն է, եւ ինքն է ընտրում իր բարեկամներին:
Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2015-ին վետո է դրել բանաձեւի վրա, որով սերբ ժողովուրդը պետք է «հռչակվի մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպան ժողովուրդը»:
Սերբիայի ՆԳ նախարարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Սերբիայի տարածքային ամբողջականությանը սատարելու համար: