Տվեք ապրելու երջանկություն

aliq
Ukraine humans

ՕԿՍԱՆԱ

Անունս Օկսանա է, ապրում եմ Սումիում: Տարրական դպրոցի ուսուցչուհի եմ, դասավանդում եմ 6-10 տարեկան երեխաներին: Ինքնաթիռներն ու հրթիռները թռչում են մեր տան շուրջը: Մենք թաքնվում ենք նկուղում կամ միջանցքում՝ հուսալով, որ շուտով ամեն ինչ կվերջանա: Երեկ գիշերը մեր քաղաքում ռուսական զորքերը ռմբակոծել են բնակելի շենք, որի հետեւանքով մահացել են 21 հոգի, այդ թվում 3 երեխա:

* * *

ՕԼԵՆԱ

Ստորեւ կտեսնեք լուսանկարներ Խարկովից: Ուղարկել է գործընկերս, որը հիմա այնտեղ է:

«Սա իսկական դժոխք է»,- ասում է նա:

Լուսանկարներն արվել են 2022 թվականի մարտի 1-ին։

Գետնին ընկած արկը գործընկերոջս տան բակում է: Քանդված մեքենաները ռուս զինվորները նախ գողացել են տեղի բնակիչներից, ապա՝ ոչնչացրել։

Olena Kharkov

* * *

* * *

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՉԵԽԻԱՅՈՒՄ

general

ՆԱՄԱԿ ԶԱՊՈՐՈԺԻԵԻՑ

Մարտի 2, 2022
Ուկրաինա, Զապորոժիե

Ես սովորական պապիկ եմ՝ Էդուարդ Օլեգովիչ Բոբրովիցկին։ Մեկ ամսից կդառնամ 60 տարեկան եւ շատ եմ ուզում տոնական սեղանի շուրջը հավաքել ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս։ Ունեմ 4 թոռ, նրանցից մեկը՝ Ալեքսին, փետրվարի 28-ին դարձավ 3 տարեկան: Բայց մեր մեծ ընտանիքը նույնիսկ չկարողացավ հավաքվել՝ նշելու եւ շնորհավորելու մեր փոքրիկ տղային:

Որովհետեւ փետրվարի 24-ին՝ առավոտյան ժամը 4-ին, ինձ արթնացրեց ինքնաթիռի կամ հրթիռի ձայնը, որին հաջորդեց խլացուցիչ պայթյուն ինչ-որ տեղ իմ հայրենի Զապորոժիեում: Այնքան անսպասելի, բայց միեւնույն ժամանակ միանգամայն կանխատեսելի՝ պատերազմը մահվան թեւերով ներխուժեց Ուկրաինա։ Ինչպես Հիտլերը 1941 թվականին, այնպես էլ այսօր 21-րդ դարի ռուս ֆյուրեր Պուտինը դավաճանաբար հարձակվեց իմ հայրենիքի վրա: Դա արվեց գիշերով, առանց նախազգուշացման։

Ճիշտն ասած՝ մի քանի տարի առաջ ես չէի հավատա նման սարսափելի սցենարի։ Բայց հիմա այս ակնհայտ հոգեպես անառողջ մարդը (նրան մարդ անվանելը շատ դժվար է) իր հանցակից բելառուս գործընկեր Լուկաշենկոյի հետ «Դոնբասում ռուսներին պաշտպանելու» կեղծ կարգախոսով զորքեր ուղարկեց Եվրոպայի կենտրոնում գտնվող անկախ պետության տարածք՝ այսպես կոչված «ռուսական աշխարհ» կառուցելու համար: Հազարավոր զինված զինվորներ, հարյուրավոր տանկերի եւ բեռնատարների շարասյուններով վեց օր է՝ ոտնահարում են մեր հողը իրենց կեղտոտ կոշիկներով՝ գրավելով ավելի ու ավելի շատ քաղաքներ, ավաններ, գյուղեր…

Այսօր պատերազմի 7-րդ օրն է։ Կրակի մեջ են ձախափնյա Ուկրաինան, Ազովը եւ Սեւծովյան շրջանները։ 8 տարի Լուգանսկում եւ Դոնեցկում՝ Մարիուպոլի մոտ, «փոքր պատերազմ» էր, որը նման է Մերձդնեստրի եւ Վրաստանի իրավիճակին։ Հիմա օկուպանտներն ու ագրեսորները «հատուկ ռազմական օպերացիա» անվան տակ լայնամասշտաբ պատերազմ են սկսել Եվրոպայի տարածքային առումով ամենամեծ եւ յոթերորդ ամենաբազմամարդ պետության դեմ։

Իսկանդերների ու գրադների հարվածները, ռումբերն ու հրետանին մեր մայրաքաղաք Կիեւի բնակելի թաղամասերը, Ուկրաինայի մարզերն ու այլ քաղաքները վերածում են ավերակների։ Քաղաքացիները մահանում են, ամենասարսափելին այն է, որ ԵՐԵԽԱՆԵՐԸ, փոքր, անմեղ երեխաները դառնում են այս պատերազմի զոհը։

Պուտինը կարծում էր, որ ուկրաինացիները ռուս զինվորներին կդիմավորեն աղուհացով եւ սպիտակ-կապույտ-կարմիր դրոշով։ Նրանք չկարողացան նվաճել եւ ծնկի բերել 40 միլիոն բնակչություն ունեցող երկիրը։ 1, 2, 3 օրվա արագ նվաճման ծրագիրը տապալվեց: Ազատատենչ ուկրաինացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ չէ, որ միահամուռ ոտքի կանգնեցին՝ պայքարելու Ուկրաինայի անկախության եւ ինքնիշխանության համար։

Մենք ունենք առասպելական բանակ, որն արդեն մեկ շաբաթ է՝ զսպում է թշնամու հարձակումները։ Օկուպանտները Ուկրաինա եկան սոված, չարացած եւ ռուսական քարոզչության ազդեցության տակ: Պատերազմի առաջին օրվանից նրանք թալանեցին խանութներն ու մարդկանց՝ իրենց պահելով վայրենիների պես։ Իմ տարածաշրջանում ռուսական զորքերն արդեն գրավել են Մելիտոպոլին, Բերդիանսկը եւ այժմ կռվում են Զապորոժիեի մատույցներում։ Նրանք գրավել են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը ու սկսել են «ատոմային մահակ թափահարել»։

Հասկանո՞ւմ եք, այսօր մեր Երկիր մոլորակն ընդամենը մեկ քայլ է հեռու Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից:

Դիմում եմ համաշխարհային հանրությանը. օգնե՛ք Ուկրաինային։ Շտապ եւ առանց հապաղելու ձեր պաշտպանության եւ խնամակալության տակ վերցրե՛ք մեր երկրի 40 միլիոն մարդկանց։ Որովհետեւ Ուկրաինան մարդկային քաղաքակրթության վերջին սահմանն է, վերջին վահանը միջուկային պատերազմի վտանգի դիմաց, որը կարող է վերջ դնել կյանքին Երկիր մոկորակի վրա:

Ես 40 տարի լրագրությամբ եմ զբաղվում։ Գիտեմ, թե ինչ է քաղաքականությունը, բայց հավատում եմ ձեր խոհեմությանը:

Ձեր՝ աշխարհի առաջատար երկրների կառավարիչների գործն է նոր ֆյուրերի կայսերական ծրագրերը կանգնեցնելը։

Արդեն 7-րդ օրն է։ Ես՝ կաթվածից հաշմանդամ թոշակառուս, աղջիկս ու երկու թոռներս թաքնվում ենք մեր տան նկուղում, մինչ ազդանշանների ձայներ են դրսում: Երեխաները դողում են հրթիռների եւ արկերի պայթյուններից: Նրանք լիովին չեն հասկանում, թե ինչ է պատերազմը։ Նրանք դպրոց չեն գնում, դուրս չեն գալիս զբոսանքի եւ արեւ չեն տեսնում: Թագավորներ եւ նախագահներ, վարչապետներ եւ օլիգարխներ, տվե՛ք մեր երեխաներին եւ թոռներին ՊԱՐԶԱՊԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ…

Էդուարդ Բոբրովիցկի
Ուկրաինայի լրագրողների ազգային միության պատվավոր անդամ

* * *

ՈՒՂԵՐՁ ԲՈԼՈՐԻՍ

* * *