Բրիտանական BBC գործակալության ռուսական ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանն արտագնա նիստում ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Դատավճռով Նավալնին պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
Լեֆորտովոյի շրջանային դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել Վլադիմիրի շրջանի Պոկրով ավանի բանտում, որտեղ Նավալնին կրում է պայմանական ազատազրկման կանոնները խախտելու մեղադրանքով 2,5 տարվա ազատազրկման պատիժը:
Ալեքսեյ Նավալնիին մեղավոր են ճանաչել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական միջոցները յուրացնելու գործով: Պետական մեղադրողը պահանջել էր 13 տարվա ազատազրկում:
Իր վերջին խոսքում մարտի 15-ին Նավալնին ասել է, որ ինքը չի վախենում, թեկուզ 113 տարվա դատավճիռ ընդունեն: Ըստ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի՝ այսօր Ռուսաստանում բոլորի պարտքը պետք է լինի պայքարը Ուկրաինայի պատերազմի դեմ, քանի որ այլապես Ռուսաստանը կկազմաքանդվի որպես պետություն:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Նավալնին նաեւ 1,2 միլիոն ռուբլու չափով տուգանք կվճարի:
Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն ընթերցել է Պուտինի մարտի 18-ի հրամանագրով Մոսկվայի քաղաքային դատարանի անդամ նշանակված դատավոր Մարգարիտա Կոտովան: