ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ «ինչպե՞ս են Կրեմլում վերաբերվում Զելենսկու այն գաղափարին, թե Մոսկվայի հետ հնարավոր փոխզիջումային պայմանավորվածություններն Ուկրաինայում պետք է դրվեն հանրաքվեի», ասել է, որ Կրեմլը չի հրապարակելու ռուս-ուկրաինական բանակցությունների փաստաթղթերը, որտեղ շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը:
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, եւ ինչ-որ ներպետական ընթացակարգեր կարող են եւ պետք է լինեն»,- ասել է խոսնակը եւ հավելել, որ դրա հետ մեկտեղ կա երկու պատվիրակությունների միջեւ բանակցությունների որոշակի նյութ, եւ ինքը չի կարող միջամտել դրանց մանրամասներին:
«Համոզված ենք, որ տվյալ պահին դրանց հրապարակումը միայն վնասելու է բանակցային գործընթացին, որն առանց այդ էլ շատ ավելի դանդաղ է ընթանում ու պակաս բովանդակալից է, քան կցանկանայինք»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: