Մոսկովյան «Դինամոյի» ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Goal.com կայքը Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին հեռացրել է աշխարհի 50 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկից։
«Զախարյանի՝ ցուցակում ընդգրկվելու մասին մեկ ամիս առաջ էին իմացել։ Մեր ակումբը հարցազրույց էր արել ֆուտբոլիստի հետ։ Մեկ շաբաթ առաջ կայքի ներկայացուցիչը վստահեցնում էր, որ սպորտը, պատկերավոր ասած, քաղաքականությունից դուրս է, եւ որ Զախարյանը կմնա ցուցակում։ Նամակագրությունը կա։ Նրա հեռացման մասին մեզ չեն ծանուցել»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ընթացիկ խաղաշրջանում Զախարյանը չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում եւ մեկ արդյունավետ փոխանցում կատարել։ 2021/2022 խաղաշրջանում ֆուտբոլիստը 21 խաղ է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա 5 գոլ է խփել եւ կատարել նույնքան գոլային փոխանցում։