ՀՀ ՊՆ-ից «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ հատուկ կապ կա։
Դեռեւս 2021-ի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո ԵԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ միջադեպերից խուսափելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ-ների միջեւ վերոնշյալ հատուկ կապը հաստատվել է։ Միեւնույն ժամանակ ՊՆ-ից հավելել են, որ կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությամբ պայմանավորված՝ բովանդակային տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել։
«Այստեղ հետաքրքրականն այն է, որ ԵԽ-ի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ։ Մինչդեռ ՀՀ ՊՆ-ն կիրառել է «նախարարությունների միջեւ ձեւակերպումը»։ Հետեւաբար հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշել էին եվրոպացի պաշտոնյաները»,- գրում է «Հետք»-ը։
ՊՆ-ից, ըստ «Հետք»-ի, հրաժարվել են նաեւ պատասխանելուց՝ կողմերն ինչ կապի միջոց են կիրառում՝ հեռախո՞ս, տեսակա՞պ, թե՞ մեկ այլ միջոց։ ՀՀ ՊՆ-ն նաեւ չի նշել՝ կողմերը վերջին անգամ երբ են կապ հաստատել, եւ, ի վերջո, արդյո՞ք հնարավոր եղել է այդ կապի միջոցով կանխել երկու երկրի շփման գծում հնարավոր բախումները։