Հայաստանի խորհրդարանը մարտի 23-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը:
Օրենքով արգելվում են սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը։ Արգելված ապրանքներ ցանկում են բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը, ինչպես նաեւ Հայաստանում վաղուց գործածությունից դուրս եկած լյումինեսցենտային լամպերը։ Հին ջերմաչափերը, բնականաբար, բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում դրանց վաճառքը կարգելվի։
Ջերմաչափերն ու մյուս սնդիկային սարքերը շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։
Օրինագիծն ընդունվել է Մինամատայի սնդիկի մասին կոնվենցիայի հիման վրա, որին միացել է Հայաստանը: Կոնվենցիան բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար սահմանափակում է սնդիկի օգտագործումը։
Տեղեկանք
Կոնվենցիան ընդունվել է Ճապոնիայի Մինամատա քաղաքում, որտեղ 1950-ականների սկզբին սնդիկով զանգվածային թունավորումներ էին գրանցվել։ Քաղաքի պարարտանյութերի գործարանը քիմիական ռեակցիաների համար սնդիկային կատալիզատորներ էր օգտագործում, ինչից հետո սնդիկը ծովն էր լցվում։ Ծովում սնդիկը մարդկանց եւ կենդանիների նյարդային համակարգի վրա ազդող շատ վտանգավոր միացություններ էր ստեղծում։