Մարտի 24-ին Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով, որի շրջանակում Թուրքիայի նախագահ Էրդողանն առանձին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է Milliyet պարբերականը։
Սա երկու երկրների ղեկավարների երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է լինելու։ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողներին հայտնել է, որ այս հանդիպումը երկու երկրների հարաբերությունների տեսանկյունից խիստ կարեւոր է։
Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակումը, տարածաշրջանային մյուս զարգացումները, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղ հանգուցալուծման հնարավոր տարբերակները։
Ըստ Քալընի՝ Էրդողանը Բայդենին հայտնելու է նաեւ, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է 40 նոր ինքնաթիռների գնման եւ առկա F-16-երի արդիականացման իրենց պահանջի շուտափույթ իրականացումը։ Բացի այդ՝ Էրդողանը պահանջելու է վերացնել ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ կիրառված բոլոր անարդար պատժամիջոցները։
ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին քննարկվելու են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված դաշինքի հետագա գործողությունները։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը