The New York Times-ում հրապարակված հոդվածում շոշափվում են Հայաստանում ժամանակավոր հանգրվանած հազարավոր ռուսաստանցի IT մասնագետների՝ հայրենիքից հեռանալու դրդապատճառները, նրանց եւ նրանց ընտանիքների ապագայի վերաբերյալ մտահոգություններն ու հեռանկարները, որոնք այսպես թե այնպես պայմանավորված կլինեն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների քաղաքական հանգուցալուծմամբ ու տնտեսական հետեւանքներով։
Հեռանալն ավելի անվտանգ էր
Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Lumen սրճարանի դռները բացվելուն պես ռուսներն են այցելում սրճարան, պատվիրում սուրճ, բացում իրենց Apple laptop-երը եւ սահմանափակ հնարավորությունների շրջանակում փորձում գտնել նոր կյանք սկսելու իրենց ուղին:
Երաժշտությունն ու արեւային լույսով ողողված սրահը հակապատկերն են այն գորշ միջավայրի, որն անցյալ ամիս Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո տիրում էր իրենց երկրում, որը ստիպված էին լքել՝ թողնելով ծնողներին ու հարազատ տունը:
«Ինձ թվում էր՝ այս պատերազմը երբեք տեղի չի ունենա,- ասում է մոսկվացի վեբ դիզայներ, 29-ամյա Պոլինա Լոզեւան:- Երբ պատերազմը սկսվեց, զգացի, որ հիմա ինչ ասես կարող է պատահել: Ֆեյսբուքում գրված անվնաս բառերի համար արդեն սկսել էին մարդկանց բանտարկել: Հեռանալն ավելի անվտանգ էր»:
Սա աքսորի մեկ այլ տեսակ է. երկիրը լքում են տասնյակ հազարավոր քաղաքաբնակներ, օտար լեզուների տիրապետող երիտասարդներ, որոնցից շատերը տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ստեղծագործական ոլորտի մասնագետներ են եւ ի վիճակի են հեռավար աշխատելու գրեթե ցանկացած վայրում:
Ռուսաստանն այլեւս այն երկիրը չէ, որտեղ կցանկանայիր ապրել
Ռուսաստանն ուժասպառ կլինի եւ կմեկուսանա՝ համաշխարհային տնտեսության մաս կազմող երիտասարդ մասնագետներին կորցնելով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչեւ պատերազմը Հայաստանում գրանցված էր ընդամենը 3000-4000 ռուս աշխատող: Բայց դրանից հետո երկու շաբաթվա ընթացքում համարյա ամեն օր նույն թվով մարդիկ են ժամանել Հայաստան:
Թեեւ հազարավոր մարդիկ մեկնել են այլ ուղղություններով, բայց մոտ 20 հազարը դեռ մնացել է Հայաստանում:
«Ռուսաստանը լքողների մեծ մասը դեմ է պատերազմին, քանի որ նրանք հասկանում են՝ ինչ է կատարվում աշխարհում»,- ասում է Իվանը Կիպրոսի հետ համատեղ տեսախաղեր ծրագրավորող ընկերությունից: Շատ այլ ռուս ներգաղթյալներ, որոնք հարցազրույց են տալիս Հայաստանում, չեն ցանկանում նշել իրենց լրիվ անունները՝ տանը թողած հարազատների կյանքը չվտանգելու նպատակով:
«Մեկ ամիս առաջ ես չէի մտածում տեղափոխվել այլ երկիր,- ասում է Լոզեւան:- Բայց հիմա չեմ ուզում վերադառնալ: Ռուսաստանն այլեւս այն երկիրը չէ, որտեղ կցանկանայի ապրել»:
«Պատերազմ» բառն օգտագործելն անգամ հանցագործություն է գնահատվում
Փոքր սրճարանում մյուս սեղանների շուրջը նստած երիտասարդ ռուսները նոութբուքերով Zoom խորհրդակցություն էին անցկացնում, ոմանք էլ իրենց գրպանին համապատասխան վարձով տներ էին փնտրում համացանցում:
Շատերը ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով, Մոսկվայի իրենց շքեղ բնակարանները լքելով, ստիպված են ապրել Հայաստանում՝ անհարմար մահճակալներով եւ ընդհանուր լոգասենյակներով էժանագին հանրակացարաններում:
Նրանք, ովքեր եկել են Հայաստան, աշխատում են IT եւ այլ ոլորտներում, որոնք ապավինում են համացանցին եւ բանկերի միջազգային բանկային կապերին, ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Բայց Ռուսաստանից ժամանածների թվում կան նաեւ բլոգերներ, լրագրողներ կամ ուղղակի ակտիվիստներ, որոնք վախենում էին ձերբակալվելուց։ ՌԴ-ում, նոր օրենքի համաձայն, Ուկրաինային առնչվող «պատերազմ» բառն օգտագործելն անգամ հանցագործություն է գնահատվում:
Երբ փող վաստակելուց ավելի դժվար կանխիկ գումար ստանալն է
Հայաստան վերջերս ժամանած ռուսներից ոմանք պնդում են, թե պայմանագրեր ունեն, որ մի քանի ամիս հեռավար աշխատելուց հետո իրենց կվճարեն, եթե ի վիճակի լինեն գումար ստանալու եղանակներ գտնելու: Մյուսներն էլ ասում են, որ տեղափոխվել են Հայաստան ամերիկյան եւ եվրոպական IT ընկերություններից, որոնք շարունակում են վճարել իրենց աշխատավարձերը:
Visa-ն, MasterCard-ը եւ PayPal-ը խզել են կապերը Ռուսաստանի հետ։ Մնացել է միայն ռուսական MIR բանկային քարտը, որն ընդունվում է Հայաստանում եւ այլ շատ քիչ երկրներում՝ էլեկտրոնային վճարումների համար:
26-ամյա Միրան ասաց, որ Մոսկվայից մեկնելու նախօրեին ընկերոջ հետ մոտ երեք ժամ մեկ ATM–ից մյուսն էին գնում՝ փորձելով դոլար կանխիկացնել: Յուրաքանչյուր բանկոմատի մոտ թիկնապահներով մարդիկ հրում էին մյուսներին եւ հերթից առաջ անցնում ու, ամեն անգամ 5000 դոլար հանելով, դատարկում էին բանկոմատները: «Մենք չէինք կարող առարկել, քանի որ դա իսկապես վտանգավոր էր»,- ասում է Միրան:
Հայաստանում թշնամական վերաբերմունք չկա
Տասնյակ հազարավոր այլ ռուսներ մեկնել են Վրաստան եւ Թուրքիա: Հայաստանը, լինելով նախկին խորհրդային հանրապետություն, այս հակամարտության նկատմամբ ունի չեզոք դիրքորոշում: Ի տարբերություն Վրաստանում ընդունելության՝ ռուսներից ոչ մեկը Հայաստանում թշնամական վերաբերմունքի չի արժանացել: Այստեղ նրանք կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի կամ նույնիսկ առանց արտասահմանյան անձնագրի եւ մնալ մինչեւ վեց ամիս։ Մյուս առավելությունն էլ Երեւանում լայնորեն տարածված ռուսերենն է:
Ռուս լինելը՝ անցանկալի կարգավիճակ
«Ես ուզում եմ լինել մնացած աշխարհի, ոչ թե Ռուսաստանի հետ,- ասում է վեբ ծրագրավորող պարոն Ժիգալովը:- Բայց մենք չենք կարող լինել մնացած աշխարհի հետ, քանի որ այժմ ռուս լինելը որպես վատ բան է դիտվում»:
30-ամյա Մարիան զբոսավար է, Հայաստան էր ժամանել նախորդ շաբաթ և նույնպես անհանգստացած էր ռուսների հանդեպ թշնամանքից: «Ի՞նչ են մտածում Ամերիկայում ապրող մարդիկ ռուսների մասին,- անկեղծորեն հարցնում է նա:- Տեսնես նրանք ատո՞ւմ են մեզ»: Նա ասում է, որ 2018-ին մասնակցել է Ռուսաստանում հակակառավարական բողոքի ցույցերի: «Ես շատ վախեցած էի,- ասում է նա՝ բացատրելով ամուսնու հետ մեկնելու որոշման դրդապատճառը:- Վախենում էի ձերբակալվելուց: Բայց ապրել այնտեղ եւ ոչինչ չանել․․․ Չէ՛, էդպես ապրել էլ չէի ուզի»:
The New York Times-ին հարցազրույց տված ռուսների մեծ մասը հայտնել է, որ հեռացել է իրենց երկրից, քանի որ միջազգային պատժամիջոցներն անհնար էին դարձրել այլ երկրների կամ օտարերկրյա հաճախորդների հետ աշխատելը, կամ որովհետեւ վախենում էին, որ Ռուսաստանը կարող է փակել սահմանները:
Ինչպես երկրից հեռացած շատ տղամարդիկ, Եվգենին նույնպես վախենում էր, որ կարող է զորակոչվել եւ ստիպված պայքարել Ուկրաինայի դեմ:
«Նրանք մեզ պարզապես ասում են՝ կներեք, տղե՛րք, հուսով ենք՝ հետագայում միասին կաշխատենք, բայց հիմա չենք կարող»,- օտարերկրյա գործընկերների մասին պատմում է տեսախաղերի ծրագրավորող Իվանը։
Ջին ու տոնիկ՝ ի պետս երկիրը լքելու քաջության
Մեկ այլ սրճարանում 35-ամյա շիկահեր Ալեքսը՝ մազերը կապած, ձեռքերին կյանքի կարեւորագույն պահերը հիշեցնող դաջվածքներով, ասում է՝ չորս ժամ անցկացրել է մոսկովյան օդանավակայանում ջին ու տոնիկ խմելով՝ ի պետս երկիրը լքելու քաջության:
«Ես երեւի պիտի ավելի շուտ հեռանայի, բայց ի վիճակի չէի, քանի որ սիրում եմ երկիրս»:
«Այս տղաները (ուկրաինացիները — խմբ.) մի օր ընկերների հետ նստած ծխում էին, գարեջուր խմում ու երաժշտություն լսում,- ասում է Ալեքսը,- այնինչ հաջորդ օրը ստիպված էին զենք վերցնել եւ պաշտպանել իրենց երկիրը: Սրանք մարդիկ էին, որոնք նախկինում զենք չէին բռնել: Սարսափելի է»:
«Ես ոտքերիս տակ ամուր հող չեմ զգում,- ասում է Միրան:- Հիմա այստեղ ենք, բայց չգիտենք՝ մի շաբաթ կամ մի ամիս հետո կամ նույնիսկ վաղը որտեղ ենք լինելու»:
«Մենք պարզապես խաղաղ կյանք ենք ուզում, բայց շատ ծանր է, երբ մեր երկիրը նման աղետ է բերում»:
Ջեյն Արաֆ, The New York Times “Russia Is Losing Tens of Thousands of Outward-Looking Young Professionals”
Պատրաստեց Կարինե Դավոյանը