Հիտլերյան Գերմանիան եւ ստալինյան ԽՍՀՄ-ը մարդկության պատմության մեծագույն չարիքներից են, իսկ Հիտլերը եւ Ստալինը՝ մեծագույն չարագործներից, որոնց խղճին է միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր:
Իսկ այն, ինչ առանձնացնում է արդի Գերմանիան Ռուսաստանից, իրողությունն է, որ Գերմանիայում այսօր բացառված է հիտլերյան ռեժիմի կրկնությունը, իսկ Ռուսաստանում, ինչպես պարզվեց, բացառված չէ:
Գերմանացիներն ամբողջությամբ՝ թե՛ պաշտոնապես՝ իրենց պետական քաղաքականությամբ, թե՛ ամբողջ հոգով ու սրտով դատապարտել ու մերժել են անցյալը, իսկ ռուսները՝ ոչ: Նրանք նույնիսկ մինչեւ հիմա պահում են անթաղ Լենինի դին իրենց գլխավոր հրապարակում, իսկ մի քիչ այն կողմ՝ Կրեմլի պատերի մեջ, ամփոփված է Ստալինից մնացած մոխիրը:
Դպրոցական դասագրքերում չի դատապարտվում մարդկության ամենաարյունարբու բռնապետներից մեկը, իսկ պետական պրոպագանդան կարոտով է հիշում երանելի սովետական ժամանակները:
Այս ամենը 21-րդ դարում ծնեց նոր հրեշի, որն առանց աչք թարթելու ռմբակոծում է նույն լեզվով հաղորդակցվող եղբայրական ժողովրդի քաղաքներն ու գյուղերը, հիվանդանոցներն ու դպրոցները եւ անգամ թատրոնները, որտեղ հազարավոր մարդիկ են պատսպարված:
Ինչու են գերմանացիները մերժել իրենց անցյալը, իսկ ռուսները՝ ոչ: Իհարկե, բացատրությունը չի կարող լինել «գերմանացիները բարոյական են, ռուսները՝ ոչ» պրիմիտիվիզմը: Պատճառները խորքային են ու բազմաշերտ, բայց առանցքային դրվագներից մեկն, իհարկե, այն է, որ գերմանացիները պարտվել են, իսկ ռուսները՝ հաղթել պատերազմում: Հաղթանակը թույլ չի տվել նկատել հրեշին, չարիքը, միլիոնավոր մարդկանց արյունը:
Այս առումով ռուսների հնարավոր պարտությունը ուկրաինական պատերազմում ոչ միայն անհրաժեշտ է ուկրաինացիներին՝ պաշտպանելու իրենց երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը, ոչ միայն ողջ ազատական աշխարհին՝ ժողովրդավարության եւ ազատության նոր ծնունդի համար, այլեւ հենց ռուսներին՝ վերջապես ձերբազատվելու անցյալի չարիքի կապանքներից, վերջապես դիակը երկրի գլխավոր հրապարակից հեռացնելու, թաղելու հազար տարվա մեռելներին եւ հնարավորություն ստանալու կառուցելու ազատ, քաղաքակիրթ աշխարհին համընթաց երկիր:
Այս ամբողջ պատմությունը իհարկե խորթ չէ նաեւ հայերիս: Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը բթացրել էր մեր զգոնությունը, կերակրել մեր հասարակությանը միֆերով եւ պատրանքներով, որոնք ի վերջո կարկուտի պես թափվեցին մեր գլխին՝ պատճառ դառնալով մեծ արհավիրքի եւ զոհողությունների:
Շարունակ կրկնելով՝ «արյունով գրաված հողերը գրիչով չեն տալիս»՝ մենք ի վերջո տվեցինք այն ավելի շատ արյունով, անդադար կրկնելով, որ ամենամարտունակ բանակն ունենք տարածաշրջանում՝ եկանք հասանք այն կետին, որ մեր սահմանները պաշտպանելու համար աղերսում ենք ռուսների օգնությունը եւ այդպես էլ չենք ստանում:
Թվում էր, թե պարտությունը մեզ պետք է ձերբազատեր պատրանքներից, բայց մենք սկսեցինք նոր պատրանքների արտադրությամբ զբաղվել: Նժդեհ կարդալը կյանքեր չի փրկում, ինչպես գրել փակցրել ենք Երեւանի շենքերին, եթե նույնիսկ փրկում էլ է, ապա միայն այդ պաստառները ստեղծողներին եւ այդօրինակ պրոպագանդայով զբաղվողներին: Իսկ նրանք, ովքեր հավատացել էին Նժդեհի մի աֆորիզմին, որ պատերազմի օրերին փակցրել էին Երեւանի պատերի եւ գովազգային սյուների վրա, գնացին մարտի եւ զոհվեցին, որովհետեւ բայրաքթարներից ու կործանիչներից փրկում է միայն արդյունավետ հակաօդային պաշտպանությունը, որը մենք չունեինք:
Տարածաշրջանի Իսրայել դառնալու խաբկանքներով եկանք այն իրավիճակին, որ Ադրբեջանը երբ ուզում, կտրում է 100 հազար մարդու գազը, երբ ուզում, միացնում է: Ու մենք, բացի ուշացած նվնվոցներից, ուրիշ ոչ մի գործնական քայլի ունակ չենք: Նույնիսկ մեր համահայկական ու համաքայլական հիմնադրամներով չենք կարողանում 100 հազար մարդու համար արեւային մարտկոցների հարց լուծել, իսկ որոշ մարդիկ գազի բալոններ են ուղարկում, որ մարդիկ չսառչեն: Ինչ պակաս Պաղեստին ենք որ…
Պաղեստին չդառնալու միակ շանսը եղել եւ մնում է խաբկանքներից ազատվելը, դարավոր թշնամությունը եւ պատմական արդարությունը պետական քաղաքականության հիմք դարձնելուց հրաժարվելը, բոլոր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, բոլոր հարցերը ռացիոնալ հարթության մեջ քննարկելը եւ ոչ թե հասնելը մտավոր դեգրադացիայի այնպիսի մակարդակի, երբ քննարկվում է նախարարի ժպիտը, ոչ թե բուն բանակցային բովանդակությունը:
Հայաստանն իր պատմության ամենաճակատագրական շրջադարձերից մեկի նախաշեմին է, որտեղ որոշվում է անկախության եւ պետականության պահպանման հարցը, իսկ այդ պրոցեսում ամենաէական ասպեկտներից մեկը Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակն է: Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը լրջորեն բարձրացնում է Հայաստանի իմունիտետը՝ թույլ տալով ավելի ինքնավստահ դիրքեր ունենալ Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ ամրապնդում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Իսկ երկրում հայտնի տեղերից ֆինանսավորվող մեդիան եւ ակտիվիստական կույտը օրեր շարունակ քննարկում են Արարատ Միրզոյանի շատ սովորական ժպիտը թուրք նախարարի հետ բանակցություններում: Տեսնես դեգրադացիան ավելի իջնելու տեղ ունի՞:
Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է: