Տեւական ժամանակ ԱԺ-ում ականատես ենք լինում ոչ թե քաղաքական դիսկուրսի, ոչ թե Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ բովանդակային քննարկումների, այլ փոխադարձ մեղադրանքների, հիշեցումների ու ամոթանքների շարանի՝ «բոշա»-«փչացած» ոճով:
Օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերջին նիստը, որին ներկա էր նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հրաշալի առիթ էր, որ «առաջին ձեռքից» պատգամավորները մանրամասներ իմանային հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ, թեկուզ, օրինակ՝ ինչ է քննարկվել Անթալիայի խորհրդաժողովի ժամանակ՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, կամ անդրադարձ լիներ հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսության թեմային. ի վերջո՝ ինչպես է Ադրբեջանն առաջարկներն ուղարկել հայկական կողմին, ում միջոցով, ինչ արձագանք կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՀՀ դիմումին ի պատասխան, Արցախի հարցում ինչ ազդակներ կան եւ այսպես շարունակ:
Իսկ ԱԺ հանձնաժողովի նիստում փոխարենը ի՞նչ տեսանք. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները տարբեր ձեւակերպումներով Արարատ Միրզոյանից հաշիվ էին պահանջում, թե ինչու էր նա ժպտում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ լուսանկարվելիս:
Իհարկե, այստեղ երկար կարելի է խոսել դիվանագիտական էթիկայի եւ վարվելակերպի մասին: Կարելի է նաեւ հիշեցնել, թե խորհրդարանական ընդդիմության առաջնորդները՝ նույն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես էին ժպտում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպումներում. դա փաստող բազմաթիվ լուսանկարներ կան: Բայց այդ հիշեցումներն անիմաստ են, որովհետեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները եթե անգամ պետական պաշտոն չեն զբաղեցրել, ապա շատ լավ գիտեն թեկուզ տարրական քաղաքավարության կանոնները, պարզապես իրենց պետք է տեսախցիկների առաջ էժանագին շոուներ կազմակերպել, խաղալ հասարակության զգացմունքների հետ ու հայրենասեր երեւալ՝ գավառական սենտիմենտալիզմի նոպաներով: Մանավանդ, երբ կեղծ հայրենասիրական «պոզաներն» իրենց «կանյոկն են»:
Նույն ոճով արդեն շարունակվեց իշխանություն-ընդդիմություն «բանավեճը» ԱԺ նիստի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցությունը բերել էր Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունները՝ հստակ հասկացնելով, որ այդ հոդվածները «վերաբերում են» գործող իշխանությանը:
Դե իսկ իշխանությունն էլ իր ոճով էր պատասխանում՝ ՀՅԴ-ականներին հիշեցնելով առաջին հանրապետության օրոք ՀՅԴ իշխանության անփառունակ քաղաքականությունը, որ հանգեցրեց երկրի տարածքի մեծ մասի կորստի, երիտթուրքերի հետ կոալիցիա կազմելը, անգամ մարտի 1-ն ու բոլոր ժամանակների կեղծված համապետական ընտրությունները: Ընդդիմությունն էլ իր հերթին «տակ չմնաց»՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմը, հայկական կողմի պարտությունը եւ այսպես շարունակ:
Կարճ ասած՝ ամեն ինչ ընթացավ հայտնի սցենարով, ընդ որում՝ երկու կողմերն էլ իրենց գնահատականներում ճիշտ էին: Միայն թե այս ամենը Հայաստանի Հանրապետության այսօրվա օրակարգի հետ առանձնապես կապ չուներ. բովանդակային բանավեճը մեզանում իսպառ վերացել է, իսկ խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության այս շարունակական բանավեճն ընդամենը մեկ հարցի շուրջ է` ում նշանակել մեղավոր Հայաստանի Հանրապետության «գլխին բերված» աղետի համար:
Հ.Գ. Ընդդիմության բերած նախագծից հետո կարելի էր նաեւ հարցնել, թե արդյոք Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություն չէ Միութենական պետությանը մաս կազմելուն կողմ արտահայտվելը, կոչ անելը։ Բայց ինքներդ եք հասկանում՝ նման հարցադրումներն իմաստ չունեն: Իմաստ չունեն, որովհետեւ նրանց նպատակն այլ է:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: