Տարիներ շարունակ մենք Ռուսաստանին ենք դիտարկել որպես մեր լինելիության միակ ու անփոխարինելի երաշխավոր, կտրել ենք մեզ աշխարհից, հազար ու մի՝ տրամաբանական ու մտացածին բացատրություններ ենք գտել՝ հիմնավորելու համար, որ Հայաստանի ապագան միայն ու միայն Ռուսաստանով է պայմանավորված․
- ռուսներն են մեզ մշտապես օգնել ու շարունակելու են,
- Ռուսաստանն է թուրքին զսպողը, որ Հայաստան չմտնի,
- Արեւմուտքն, իր շահերից ելնելով, մեզ միշտ դավաճանել է, Ռուսաստանը՝ ոչ,
- մեր տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության գոտի է, եւ Ռուսաստանն է այստեղ որոշում,
- այլ ուղղությամբ քայլ անելով՝ մենք մեր դեմ ենք գրգռելու Ռուսաստանին,
- մենք ստիպված ենք լինել Ռուսաստանի հետ, ենթարկվել Ռուսաստանի թելադրանքներին ու պարտադրանքներին, որովհետեւ այս կերպ է միայն հնարավոր ապահովել մեր երկրի անվտանգությունը,
- եթե ռուսներին նեղացնենք, նրանք թուրքերին քսի կտան մեզ վրա:
Թվարկումն, իհարկե, ամբողջական չէ, բայց ինչ այլ պատճառաբանություններ էլ հնչեն, այս շրջանակներում են տեղավորվելու։ Այս ցանկում կան ճշմարտություններ, եւ կան հորինվածքներ, որոնք մեր վախերով են պայմանավորված։ Վախերը նույնպես բացատրելի են։ Հայը չի կարող թուրքական վտանգի զգացումը վանել իրենից։ Այն մեր պատմությամբ է պայմանավորված, եւ չէր կարող իր հետքը չթողնել մեր մտածողության, մեր կողմնորոշման ու աշխարհընկալման վրա։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիան աշխարհում նոր իրականություն է ստեղծել։ Ռուսաստանը ձեռնոց է նետել միջազգային հանրությանը։ Բաց ու անթաքույց հայտարարում է, թե իրեն չի բավարարում ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված նոր աշխարհակարգը։ Սահմանակից երկրներից հնազանդություն է պահանջում։ Սահմաններ է փորձում վերաձեւել։ Վերջնագրեր է ներկայացնում Արեւմուտքին։
2008-ից Ռուսաստանն այս ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել, որոնք թերագնահատվել ու չեն արժանացել Արեւմուտքի համարժեք հակազդմանը։ Այս անգամ, սակայն, Հավաքական Արեւմուտքն ավելի քան վճռական է։ Ուկրաինայի դեմ պատերազմն, ըստ էության, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության է վերածվել։
Հայաստանում շատ են մարդիկ, որոնք ռուսական դիրքորոշումը եւ պահանջները արդարացնում են։ Իբր՝ մեծ ու հզոր երկիր է եւ իր նախընտրած միջոցներով իր շահերը պաշտպանելու իրավունք ունի։ Իբր՝ ուժն է ծնում իրավունք, իսկ Ռուսաստանն ուժեղ է եւ ուժեղի իրավունքից է օգտվում։ Իբր՝ Ռուսաստանը միջազգային իրավունքը եւ աշխարհակարգը չհարգելու իրավունք ունի, եթե դրանք հակասում են իր շահերին։
Այս ու նման բոլոր պնդումները մեկ ելակետից են՝ Հայաստանին ուժեղ Ռուսաստան է ձեռնտու։ Ուժեղ Ռուսաստանն է, որ չի հեռանալու մեր տարածաշրջանից, որ զսպելու է ադրբեջանցիների ու թուրքերի ախորժակը եւ Արցախը հայկական է պահելու։ Սա մեր ցանկությունն է` եթե մենք հայաստանակենտրոն ենք, եթե մտահոգ ենք մեր երկրի ապագայով, եթե գիտակցում ենք Հայաստանի շահը, ուրեմն պետք է Ռուսաստանի աջակիցը լինենք եւ Ռուսաստանի հաջողությունը ցանկանանք։
Բայց մի կարեւոր հարց է այստեղ ծագում․ իսկ ի՞նչ ենք անելու մենք, եթե կա թեկուզ մեկ տոկոս հավանականություն (իրականում այդ հավանականությունն անհամեմատ ավելի մեծ է), որ այս հակամարտությունից Ռուսաստանը պարտված կամ թուլացած է դուրս գալու։ Որքանո՞վ է ճիշտ մեր հաշվարկների հիմքում մեր ցանկությունը, այլ ոչ անցանկալի մեկ տոկոսը դնելը։ Իսկ եթե մեր ցանկություններն իրականություն չդառնա՞ն։ Եթե այդ չարաբաստիկ մեկ տոկոսն աշխատի, եւ Ռուսաստանն, այնուամենայնիվ, անհաջողության մատնվի՞։ Եթե պարտվի կամ իր այս արկածախնդրության հետեւանքով այնքան թուլանա, որ Ադրբեջանի պահանջներին անգամ դիմակայել չկարողանա ու հեռանա մեր տարածաշրջանից, ի՞նչ ենք անելու այդ դեպքում։
Ի՞նչ ենք անելու, եթե այլ ուղղությամբ չենք մտածել, այլ ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել եւ այլ տարբերակի չենք նախապատրաստվել։ Ի՞նչ ենք անելու, եթե Ռուսաստանը, չպարտվելու դեպքում անգամ, ուղղակի, իր շահերով կամ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, թուրքերի ու ադրբեջանցիների հետ ինչ-ինչ համաձայնությունների գալով, որոշի հեռանալ այստեղից։ Ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք մեր երկիրը պաշտպանելու, եթե մեր միակ հույսը Ռուսաստանն է։ Եթե մեր ուժերին ու կարողություններին չենք վստահում, մեզ պաշտպանվելու ունակ չենք համարում, իսկ այլ հովանավորներ ու աջակիցներ չենք փնտրել։
Գուցե ուշքի՞ գանք։ Չէ՞ որ այսպես եղել է արդեն, երբ հարեւանների հետ շփման եզրեր փնտրելու եւ մեր հնարավորությունները հաշվարկելու փոխարեն կամ-կամ-ի խնդիր ենք դրել՝ Ռուսաստան կամ Արեւմուտք, եւ ստացել ենք այդ միանշանակ ընտրության ցավալի պատասխանը։ Մի դեպքում (1914-1915, երբ կամավորական ջոկատներով համալրում էինք Թուրքիայի դեմ պատերազմող ռուսական բանակը) եղեռնի ու տեղահանության ենք հանգել, մյուս դեպքում (1919-1920, երբ Արեւմուտքի շռայլած անիրականանալի խոստումների հետեւից էինք վազում) հայրենիքի կեսն ենք կորցրել։
Այսօրվա կորուստներն էլ՝ վրադիր։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։