ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում 2021-ին արձանագրվել է ակտիվ տուբերկուլյոզի 426 դեպք, որից 313-ը` թոքային, իսկ 113-ը` արտաթոքային։
«Այսօր մեր երկրում հասանելի են տուբերկուլյոզի կանխարգելման, անվճար ախտորոշման եւ բուժման, ինչպես նաեւ խնամյալների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները»,– նշել են գերատեսչությունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` տուբերկուլյոզը դեռեւս մահվան առաջատար պատճառն է վարակիչ հիվանդությունների շարքում, թեեւ բուժելի է։ Աշխարհում տարեկան 10 միլիոն մարդ հիվանդանում է տուբերկուլյոզով, իսկ մոլորակի բնակչության ¼-ը վարակված է այդ հարուցիչով։ Բարեբախտաբար, վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ տուբերկուլյոզ հիվանդություն։
Հիվանդության հիմնական ախտանիշներն են` 3 շաբաթ եւ ավելի տեւողությամբ հազ, խորխարտադրություն, թուլություն, ախորժակի կորուստ, քաշի անկում, գիշերային քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։
Այս տարի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը կրում է «Միավորե՛նք մեր ջանքերն ընդդեմ տուբերկուլյոզի, փրկե՛նք կյանքեր» խորագիրը։