Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն ակտիվորեն քննարկում են ՇՀԿ անդամները:
Հայաստանը 2015-ին (Ադրբեջանի, Բանգլադեշի, Նեպալի եւ Սիրիայի հետ միասին) հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես դիտորդ մասնակցելու համար:
«ՇՀԿ անդամ պետություններն ուսումնասիրում են Հայաստանին եւ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը։ Այդ առումով ես անձամբ լավատեսորեն եմ տրամադրված, թեեւ այս պահին չեմ կարող հստակ ժամանակացույց նշել»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Չժան Մինը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները համարել է կարեւոր գործոն, որը պետք է հաշվի առնել: ՇՀԿ անդամ պետությունները, ըստ գլխավոր քարտուղարի, համոզված են, որ երկկողմանի հակասություններ չպետք է առաջացնեն կազմակերպության մեջ
«Դա նաեւ պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ-ին»,- եզրափակել է Չժան Մինը:
ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը 2001-ի հունիսին Շանհայում ստորագրել են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: 2017-ին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանն ու Պակիստանը: Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն։