Երկու օր առաջ նոր հերոսի, կամ, եթե կուզեք, հակահերոսի եմ հայտնաբերել։
Եվ այդ «հերոսի» անունը Նարեկ Մկրտչյան է։ Նա այս պահին Հայաստանի Հանրապետության Կառավարությունում զբաղեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աթոռը։
Խոսելու եւ ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտալու սույն հերոսի «տաղանդին» կնախանձեին աշխարհի բոլոր դեմագոգները։
Բայց ամեն ինչ՝ հերթով։
Մարտի 23-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց տվեց Ադրբեջանի սահմանին մերձ գտնվող գյուղերի երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների վերաբերյալ` նշելով, որ բանկերը ռիսկայնության պատճառով վարկ չեն տրամադրում տուն կառուցելու համար, գյուղացին էլ իր սուղ միջոցներով դա չի կարող անել: Ընդ որում, պատգամավորը մասնավորեցրեց հարցը՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում կան 15-20 երիտասարդ ընտանիքներ, որոնք չեն լքում գյուղը, բայց բնակարանի կարիք ունեն։ Հարցը կոնկրետ էր, պետությունը քննարկե՞լ է բնակարաններ կամ փոքր քոթեջներ կառուցել եւ ցածր գնով տրամադրել երիտասարդ ընտանիքներին։
Հիմա, ուշադրությո՛ւն, պատասխանից հատվածներ, որ սղագրել եմ ԱԺ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեսագրությունից։ Ընդ որում, փորձել եմ նաեւ կետադրել, թեպետ, խոստովանեմ, անհնարին բան էր դա։
«Պարոն Նազարյան, իրականում մենք պատրաստ ենք ձեր հետ առանձին հանդիպելու եւ քննարկելու… ըըըը…բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելու, նաեւ նոր ծրագրեր իրականացնելու, բայց ասեմ, որ 2020 թվականի կառավարության (նշում է որոշման համարը) որոշմամբ մենք արդեն ունենք 2020-2023 թվականներին (ուշադրությո՛ւն, խնդրում եմ հիշեք հարցը եւ նոր կարդացեք շարունակությունը – Մ. Հ.) երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագիր, որին կարող են մասնակցել եւ … ըըըը… ըստ էության երեք գործիք կա այդտեղ. աջակցությունը տրվում է երեխայի ծննդյան աջակցության դեպքում, կանխավճարի աջակցության բաղադրիչով եւ միանվագ դրամական աջակցության… ըըըը…ուրեմն, միջոցով։ Այս ծրագիրը այն գործող ծրագրերից է, որոնց որ կարող են մասնակցել նաեւ սահմանամերձ համայնքի երիտասարդ ընտանիքները…»։
Հարգելի ընթերցողներ, ներողություն եմ խնդրում, որ ձեզ ստիպեցի կարդալ այս երկարաշունչ դատարկաբանությունը («աջակցությունը տրվում է … աջակցության դեպքում» եւ այլն)։ Բայց եթե բառացի չբերեի, դուք դժվար թե պատկերացում կազմեիք նախարարի անուրանալի տաղանդի՝ կոնկրետ հարցին ցրողական պատասխան տալու ընդունակության մասին։ Չեմ մեջբերի պատգամավորի արձագանքից հետո սույն նախարարի հնչեցրած «մտքերը», որովհետեւ տեղը սուղ է, իսկ ես ուզում եմ մի այլ հարցի նրա տված «դարակազմիկ» պատասխանին էլ անդրադառնալ։
Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցն առնչվում էր բնակչության անապահով խավի համար գնաճի առաջացրած խնդիրները մեղմելուն, մասնավորապես՝ կենսաթոշակների բարձրացմանը։ Ընդ որում, հարցում հղում կար նաեւ կառավարության ծրագրերին, որոնք թոշակների բարձրացում են նախատեսում։
Պատասխանը սպանիչ էր (դարձյալ՝ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տեսագրությունից սղագրել եմ ամենաանհեթեթ եւ հարցի հետ կապ չունեցող հատվածները)։
«… Այո, ճիշտ եք, կա գնաճային ճնշումներ (ենթակայի եւ ստորոգյալի անհամաձայնության համար ես մեղավոր չեմ, բառացի եմ գրում – Մ Հ), եւ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ այդ գնաճային ճնշումները դեռ կշարունակվեն։ Բայց էդ գնաճային ճնշումները զուտ պայմանավորված չեն Հայաստանի ներքին մի շարք իրադարձություններով։ Ես եւս մի անգամ շեշտեմ, որ մի շարք երկրներ, այդ թվում խիստ բարեկեցիկ երկրներ, սկսած Միացյալ Նահանգներից, ապրում են այդ գնաճային ճնշումները… 1982 թվականից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում այդքան բարձր ճնշում ա եղել…»։
Բավական է, սիրելի ընթերցող, չծանրաբեռնեմ ձեզ նման դատողություններով, որոնք ավարտվում են կենսաթոշակին վերաբերող ընդամենը մի բառակապակցությամբ՝ «կառավարությունը մտածում է…»։
Սա, իհարկե, ֆանտաստիկայի ոլորտից է։ Մտածելը նկատի ունեմ։
Նախարարի վերոհիշյալ պատասխանն ինձ հիշեցրեց մի հայտնի անեկդոտ։ Շուկայում գազար վաճառող տատիկին հարցնում են.
— Տատի՛, էս գազարն ինչո՞ւ է սենց թանկացել։
Պատասխանում է.
— Բալե՛ս, բա չե՞ս իմացել, Ամերիկայում դեֆոլտ են հայտարարել։
Հիմա, էս հանճարեղ նախարարն է։ Քանի որ Ամերիկայում 1982-ից ի վեր առաջին անգամ էսպիսի գնաճ է, դրա համար իրենք չեն կարող թոշակները բարձրացնել։ Դե, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի մեզ մոտ թոշակներ բարձրացնելու, մեր թոշակառուն հո Ամերիկայո՞ւմ չի առեւտուր անում… Իսկ մեզ մոտ գնաճը ԵԱՏՄ-ում ամենացածրն է, ըստ նույն նախարարի (հիշեք, ոչ թե ֆինանսների, այլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի)։ Հետեւաբար … «Կառավարությունը մտածում է»։
Հ. Գ. Չպետք է զարմանալ, որ կառավարությունում այսպիսի նախարարներ կան։ Վաղուց արդեն համոզվել ենք, որ Փաշինյանը նրանց ընտրում է ոչ ըստ խելքի, ընդունակությունների, կարողությունների։ Նրա համար միայն մի ցենզ կա՝ անվերապահ հավատարմության եւ, ըստ այդմ, իրեն ու իր նկարին երկրպագելու աստիճանը։ Բայց այդ հավատարմության հետ գոնե հայերեն խոսել սովորեն, որ չասեն. «Ես այնքան եմ այդ օրինակները ստիպված եւ էս ամբիոնից եմ բարձրացրել…»։ Կամ՝ «… Եվ, բնականաբար, գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում, խնդիրները, ուրեմն, ըստ հավուր պատշաճի խնդիրներին լուծում տալու…»։
Ա՛յ սա է իրականությունը, այսինքն՝ ոչ ֆանտաստիկան։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։