Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե ոչ բարեկամական պետություններին բնական գազը կվաճառեն ռուսական ռուբլով։ Նա ասել է, որ ստեղծված իրավիճակում գազի մատակարարումների դիմաց եվրո կամ դոլար ստանալն այլեւս իմաստ չունի։ «Ես որոշել եմ հնարավորինս շուտ իրականացնել վճարումների փոփոխմանն ուղղված մի շարք միջոցառումները»,- ասել է նա։
Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները բազմաթիվ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ դադարեցրին ինքնաթիռների, մեքենաների, սարքավորումների, ընդհանրապես տեխնոլոգիաների մատակարարումը։ Մինչ այդ Ռուսաստանը Եվրամիության երկրներին գազ էր վաճառում եւ ստացած դոլարով ու եվրոյով նրանցից տեխնոլոգիաներ գնում։ Ավելին՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սառեցրել են Ռուսաստանի՝ իրենց մոտ գտնվող դոլարի ու եվրոյի ակտիվները եւ ոսկու պաշարները։
Իսկ Պուտինի այդ քայլը առաջին հայացքից պարզապես Արեւմուտքին ուղղված հակադարձ պատժամիջոց է։ Բայց Ուկրաինայի վրա հարձակվելու առաջին իսկ օրից՝ փետրվարի 24-ից, ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել, էժանացավ գրեթե կրկնակի։ 1 դոլարի արժեքը գերազանցեց անգամ 100 ռուբլին։ Ռուբլու արժեքը գնալով գահավիժում էր, ռուբլով արտահայտված ապրանքները թանկացել են, ռուբլով հնարավոր չէ այլ երկրներից անհրաժեշտ ապրանք գնել, եւ ռուբլով խնայողությունները դարձել են գրեթե կորած միջոցներ։
Ակնհայտ է, որ Պուտինն այդ քայլով ցանկանում է միջազգային շուկայում իր արժույթի նկատմամբ պահանջարկ ձեւավորել, ինչի արդյունքում էլ կբարձրանա ռուբլու փոխարժեքը։
Եթե, իսկապես, Պուտինին հաջողվի այդ պայմանը պարտադրել եվրոպական երկրներին, ապա նրանք ստիպված կլինեն իրենց եվրոյով կամ դոլարով ռուբլի գնել ու ստացած գազի դիմաց ռուսական արժույթով վճարել։ Հայտնի է, որ Եվրոպան իր սպառած գազի 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից, մոտ ապագայում այն փոխարինելու տարբերակ չունի։ Իսկ Պուտինի ասած՝ «ոչ բարեկամական» երկրներին բաժին է ընկնում Ռուսաստանի էներգակիրների արտահանման ավելի քան 70 տոկոսը։
ՌԴ նախագահի այս հայտարարությունից անմիջապես հետո ռուբլին սկսեց ամրապնդվել, նույն օրը արժեւորվեց 7-8 տոկոսով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 98 ռուբլու։ Ավելին՝ Եվրոպայում անմիջապես թանկացավ գազը՝ մոտ 20 տոկոսով։
«Բայց արդյո՞ք Եվրոպան կհամաձայնի Պուտինի առաջադրած պայմանին»,- կասկածանքով հարցնում է էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը։
«Իտալիան պետք է մերժի Ռուսաստանի նախագահի պահանջը։ Ես կարծում եմ, որ ռուբլով վճարելը կդառնա պատժամիջոցները շրջանցելու միջոց: Հետեւաբար, կարծում եմ, մենք կշարունակենք եվրոյով վճարել»,- Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո արձագանքել էր Իտալիայի վարչապետի տնտեսական խորհրդական Ֆրանչեսկո Ջավացին։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն էլ ասել էր, թե Պուտինի պահանջը պայմանագրի խախտում է։ Մինչ հակամարտությունը Գերմանիան ՌԴ-ից ներկրում էր սպառած գազի 55 տոկոսը: «Բեռլինը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի, թե ինչպես արձագանքենք դրան»,- ասել է Հաբեկը:
Իսկ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ չնայած Պուտինի հայտարարությանը՝ կշարունակի ռուսական գազի համար վճարել եվրոյով: Ավստրիան ԵՄ միակ երկիրն է, որը ՌԴ-ի հետ եվրոյով գազի գնման 10 տարվա պայմանագիր ունի։ «Մենք այլ հիմք չունենք»,- ասել է OMV-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Սթերնը:
ԵՄ մյուս երկրները ՌԴ-ի հետ նման պայմանագիր չունեն, նրանց հետ գազի վաճառքը որոշվում է բորսայական գներով:
Պուտինին երեկ արձագանքեցին նաեւ Հայաստանում. Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, թե Ռուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը։ Հայաստանը վերջին 10-15 տարիներին քննարկում էր գազը ռուբլով գնելու հարցը, բայց Ռուսաստանը մինչ այժմ այդպիսի հնարավորություն չի տվել։
Այս անգամ, ըստ երեւույթին, հարցն ավելի լուրջ է դրված, ու բոլորովին էլ չի բացառվում, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների արդյունքում ՀՀ-ն կարողանա էներգակիրների դիմաց ՌԴ-ին ռուբլով վճարել։
Պետք է նշել նաեւ, որ մեր արտաքին առեւտրի ճնշող մասն իրականացվում է դոլարով, ինչը միշտ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել տարադրամի փոխարժեքի ձեւավորման հարցում։ Ներմուծման ավելի քան 30 տոկոսը Ռուսաստանից է: Ի վերջո ՌԴ-ի հետ ռուբլով առեւտուր անելը կդիվերսիֆիկացնի մեր արտաքին առեւտրի արժութային վճարումները եւ կնվազեցնի դոլարով վճարումների չափը։ Այդպիսով կնվազի նաեւ դոլարի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ իր հերթին չի հանգեցնի փոխարժեքի տատանումների ու սպեկուլյացիոն շահերի դրսեւորումների:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։