ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Միրզոյանը ներկայացրել է ԼՂ շփման գծի խախտման եւ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական կողմի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը:
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է նաեւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու եւ հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից են: Այս առումով նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:
Երկուստեք կարեւորվել է նաեւ իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացին: