Ըստ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոնի հայտարարության՝ Հունգարիայի իշխանությունները մերժել են ռուսական նավթից ու գազից հրաժարվելու Կիեւի կոչը եւ ուկրաինական կողմին թույլ չեն տվել զենք մատակարարել երկրի տարածքով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր պաշտոնական Բուդապեշտին երկու պահանջով՝ թույլատրել զենքի մատակարարումները Հունգարիայի տարածքով եւ դադարեցնել բնական գազի ու նավթի գնումը Ռուսաստանից։
Սիյարտոն ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը չի համաձայնի դրան, քանի որ չի ցանկանում վտանգել հունգար ժողովրդի կյանքն ու անվտանգությունը եւ չի ցանկանում, որ իր երկրի քաղաքացիները հատուցեն պատերազմի համար։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ հաստատել է, որ Բուդապեշտը դեմ է նման միջոցառմանը, քանի որ գազի 85, իսկ նավթի 60 տոկոսը Հունգարիա է գալիս Ռուսաստանից։ Պատժամիջոցների պատճառով կանգ կառնի Հունգարիայի տնտեսությունը, իսկ նման զարգացումը հակասում է հունգարացիների շահերին։
Սիյարտոնը հավելել է, որ Բուդապեշտը պաշտպանում է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների վերաբերյալ եւ իր մասով ամեն ինչ կանի՝ թույլ չտալու, որ ռազմական հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից դուրս գա։ Նա մտահոգություն է հայտնել դաշինքի մի շարք երկրների՝ Մոսկվայի դեմ առճակատման կոչերի կապակցությամբ։