Ազգային ժողովն ընդունել է ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքներում համապատասխան լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Այսպիսով կարգելվի լիազոր մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանատեսակների օգտագործումը կրկեսներում եւ ոչ միայն: Օրենսդրական փոփոխությունը հիմք է ստեղծում առհասարակ վայրի կենդանիների անազատ ու կիսաազատ պայմաններում պահելու նկատմամբ վերահսկողության իրականացման համար:
Նաեւ կենդանասերների ջանքերի արդյունք
Փաթեթի ընդունումն, ըստ հաղորդագրության, բխում է ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության, պահպանության, վերարտադրության եւ կայուն օգտագործման, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու եւ օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջից:
Ոլորտի օրենսդրական բարելավումը համահունչ է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին:
Օրենսդրական փոփոխությունը նաեւ կենդանասերների ջանքերի արդյունք է․ նրանք տարիներ շարունակ վերհանել են խնդիրները, ստորագրահավաք կազմակերպել, առաջարկ ներկայացրել նախարարություն, որն ընդունվել է:
Վայրի կենդանիներին անազատ պայմաններում ապօրինաբար պահելու խնդիրների բարձրաձայնման գործում հետեւողական աշխատանք տանող «Էկո-նյուզ» բնապահպանական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը ողջունում է բարեփոխումը, միաժամանակ նշում, որ միայն օրենքի փոփոխությունը բավարար չէ։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են նաեւ գործնական քայլեր՝ պարբերաբար իրականացնել հաշվառում եւ համապատասխան վերահսկողություն, ինչը դեռեւս արդյունավետ չի իրականացվում մեր երկրում:
Որեւէ կազմակերպություն կամ անհատ համապատասխան թույլտվություն չունի
Մարիամը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներին անազատ պայմաններում պահելու մի շարք դեպքեր թվարկեց:
«Օրինակ՝ Մրգավետ գյուղում «Հրաշք այգի» ռեստորանի տարածքում առյուծներ, վագրեր, արջեր, տարատեսակ թռչուններ, գայլեր, կապիկներ, կենգուրուներ, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ ու սեւ անգղեր են պահվում: Արմավիրի կենդանաբանական այգին, որը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, եւս վայրի կենդանիներ է պահում, բայց ուսումնասիրված չէ, թե ինչ հիմքով»,- ասում է Մարիամը:
Ըստ օրենքի՝ վայրի կենդանիներ պահող կազմակերպություններն ու անհատները պետք է թույլտվություն ունենան, մինչդեռ թույլտվությունների ընթացակարգի կանոնակարգում չկա: Մարիամի հարցմանն ի պատասխան պարզվել է, որ անազատ պայմաններում կենդանիներ պահող որեւէ կազմակերպություն կամ անհատ համապատասխան թույլտվություն չունի: Մարիամը հույս ունի, որ օրենսդրական փոփոխությանը կհաջորդեն գործնական քայլերը՝ դաշտը լիովին կարգավորելու նպատակով:
Կենդանական աշխարհի մշտադիտարկումն իսկապես խնդիր է մեր երկրում: Բացի հասարակական կազմակերպությունների ու հետազոտողների իրականացրած առանձին աշխատանքներից՝ լիարժեք, ամփոփ տեղեկություններ չկան:
Այս ուղղությամբ առաջին քայլերից կարելի է համարել մարտի 21-ին՝ Անտառագետի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանի ու «BirdLinks Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանի միջեւ հուշագրի ստորագրումը:
Հուշագիրն ամրագրել է կողմերի համագործակցության շրջանակը Հայաստանում կենսաբազմազանության մշտադիտարկման գործընթացի մշակման ու ներդրման հարցերի ուղղությամբ՝ նպատակների ու խնդիրների, առավել արդյունավետ մեթոդների որոշումից մինչեւ կենսաբազմազանության տվյալների միասնական բազայի մշակում, ներգրավված մասնագետների կարողությունների զարգացում։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։