Շիրակի մարզն արդեն հողի անալիզի ժամանակակից ուսումնական լաբորատորիա ունի։ Լավագույն սարքավորումներով հագեցած սրահը միեւնույն ժամանակ նաեւ որպես քիմիայի լսարան կծառայի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի՝ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։
Գյուղատնտեսական եւ կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շնորհիվ։
Նոր սկզբունքներով ու արդիական տեխնոլոգիաներով գործող լաբորատորիայում կորոշվեն հողի միկրո- եւ մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը։ Տեղում կիրականացվի նաեւ բույսի եւ ջրի հետազոտություն։ Նորաբաց հաստատության շնորհիվ մարզի հողօգտագործողներն այլեւս ստիպված չեն լինի հողի անալիզի համար գնալ արտասահման կամ մայրաքաղաք, վատագույն դեպքում էլ հողը մշակել՝ առանց անալիզի ենթարկելու։ «Հողի պահանջմունքը չիմանալով պարարտացնել այն նույնն է, թե սոված մարդուն ջուր տաս, կամ հակառակը՝ ծարավին՝ հաց»,- ասացին ֆերմերները։
Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում։ Նրանք արդեն տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու եւ հաշվարկներ կատարելու մեխանիզմներին ու նրբություններին։ Մասնագետները վստահեցնում են, որ հետազոտությունների արդյունքների առավելագույն ճշգրտությունը երաշխավորված է։
«Սերմերի տնկման համար պատշաճ հողերի կարիք կա. այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ տնկելուն»,- ասաց EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը։
Նա գոհ էր կատարված աշխատանքից, ասաց՝ այսուհետեւ Շիրակի մարզում հողի ձայնը շատ ավելի լսելի եւ հասկանալի կդառնա։ Պարոն Բոկկերսը հիշեց իր ուսանողական տարիները, երբ ինքն էր սովորում գյուղատնտեսական բաժնում։ Իր փորձից փաստեց՝ տեսական գիտելիքը գործնականի հե՛տ միայն հիմնովին ու երկարատեւ արդյունք կտա։ «Լաբորատորիայի շնորհիվ շիրակցի ուսանողները պատրաստի գյուղատնտեսներ դուրս կգան քոլեջից»,- ուրախությամբ փաստեց նա։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երախտագիտություն հայտնեց ԵՄ ներկայացուցիչներին, ասաց, որ նախաձեռնությունը կարեւոր է գյուղատնտեսության եւ կրթության ոլորտի համար։ «Սովորողները կստանան արդի կրթություն եւ իրենց գիտելիքները կներդնեն Հայաստանում կանաչ գյուղատնտեսության կայացմանը»։
Նախաձեռնությունը Շիրակի մարզում չի ավարտվի։ Շուտով նման լաբորատորիաներ կբացվեն նաեւ Վանաձորում եւ Նոյեմբերյանում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։