ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ:
«Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են եւ անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը ուշադիր հետեւում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:
Փորթերը նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եւ վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել էր, որ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու հաճախակի դարձնեն դիվանագիտական շփումները՝ համապարփակ բոլոր կարեւոր խնդիրների շուրջ լուծումներ գտնելու համար:
«Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ իրադրության լարվածությունն անհապաղ թուլացնելու համար»,- հավելել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը:
Դիվանագետը հավելել է նաեւ, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ հանուն հակամարտության տեւ ական քաղաքական կարգավորման: