Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ում հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:
Արցախի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար եւ հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու եւ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:
Խաղաղապահների գործառույթներն ընդլայնման կարիք ունեն
Ողջունելով ՌԴ ՊՆ նախորդ օրվա հայտարարությունը` Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հույս է հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետեւանքները, եւ ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր:
Բեգլարյանը հայտարարել է, որ պետք է քննարկել Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր, այդ թվում՝ ռազմական անհրաժեշտ լծակները՝ Արցախի բնակչության անվտանգությունն արդյունավետորեն երաշխավորելու համար:
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Արցախում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը եւ առավոտյան 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ նաեւ արեւելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: