ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ գործող կարգավորումներով արեւային կայանները բեռ են դարձել պետության համար։ Նախարարը թյուր տպավորություն է համարել, թե արեւային կայանները հրաշք են, եւ պետք է ամբողջ երկիրը պատել դրանցով։
«Դրանք հստակ ժամային գրաֆիկ ունեն, ու երեկոյան ժամերին, երբ ավելի շատ հոսանքի կարիք կա, արեւային կայանը չի աշխատում։ Պետությունը ստիպված այլ կայաններն անընդհատ աշխատեցնում է, որ էլեկտրաէներգիա արտադրի ու մատակարարի բնակչությանը»,– ասել է Սանոսյանը։
Կարեւորել է Հայաստան-Վրաստան ու Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը
Նախարարը ստեղծված իրավիճակի փոփոխության եւ ՀՀ արեւային պոտենցիալը ճիշտ օգտագործելու առումով կարեւորել է Հայաստան-Վրաստան ու Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։ Ըստ Սանոսյանի՝ դա հնարավորություն կընձեռի ցերեկն արտադրված ավելի էլեկտրաէներգիան արտահանելու։
Սանոսյանը հավելել է, որ արեւային կայաններում ցերեկն ավելի արտադրված էլեկտրաէներգիան կուտակելու եւ երեկոյան կուտակածն օգտագործելու նպատակով կարելի է մարտկոցային համակարգեր կիրառել։ Սանոսյանը շեշտել է, որ մինչեւ հիմա ոլորտն այնքան էլ ճիշտ ուղղությամբ չի զարգացել։
«Պետությունը պարտավորվում է արեւային կայան տեղադրած տնտեսվարողից 20-30 տարի արտադրած էլեկտրաէներգիան գնել։ Որ ժամին կայանն աշխատում է, այդ ժամին հոսանք է տալիս։ Բայց գալիս է մի ժամ, որ կայանը չի արտադրում, իսկ պետությունը պարտավոր է բնակչին հոսանք տալ»,– պարզաբանել է նախարարը։
ՀԱԷԿ-ն աշխատում է 98 %, Երեւանի ՋԷԿ-ը՝ 100 % հզորությամբ
Սանոսյանն անդրադարձել է նաեւ ոլորտի այլ ճյուղերին եւ նշել, որ Մեծամորի ատոմակայանը վերազինման աշխատանքների շնորհիվ նախկին 92%-ի փոխարեն ներկայում արդեն աշխատում է 98% հզորությամբ։ Դրա շնորհիվ, ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի, ՀԱԷԿ-ը 40 ՄՎտ հավելյալ էլեկտրաէներգիա է արտադրում։ Ինչ վերաբերում է Երեւանի ՋԷԿ–ին, ըստ նախարարի՝ ներկայում այն աշխատում է ամբողջ` 250 ՄՎտ հզորությամբ։