Ըստ էության՝ ի՞նչ է տեղի ունենում Ղարաբաղում։ Թուրք-ռուսական տանդեմն այնտեղ գործում է ամբողջ ծավալով։ Հատկապես ռուսների համար այս ամենն ունի պատժիչ նշանակություն։ Թուրքերի համար այն տարածաշրջանը բաժանելու ծիրի մեջ է, թուրքերը ոչ մի պատժիչ հակում չունեն հայերի հանդեպ․ եթե տարածաշրջանի բաժանումը ենթադրի Հայաստանի վերացում, նրանք Հայաստանը կվերացնեն առանց պատժիչ հակման։
Ռուսները, ընդհակառակը, պատժում են։ Ու էդ պատժիչ հակումը բազմաթիվ պատճառներ ունի. մեկն այն է, որ անցյալ ամսվա վերջին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Մոսկվայի ագրեսիային առնչվող բանաձեւը քննարկման դնելու հարցին։ Հայաստանը ինքնիշխանության բացառիկ ակտ կատարեց, դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, որ «եթե դու ներկայացնում ես չեզոքություն կամ որեւէ ձեւով չես աջակցում, պայմանական եմ ասում, քո դաշնակից Ռուսաստանին, պետք է ընդունես, որ մեկ այլ իրավիճակում Ռուսաստանը վարվելու է ճիշտ այնպես, ինչպես դու ես վարվում այս իրավիճակում»։
Այսօր ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ղարաբաղի Փարուխ գյուղում եւ Քարագլխում ադրբեջանցի զինվորականների ներկայությանը, արձանագրեց, որ «ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»։ ՀՀ ԱԳՆ-ն չի ասում, թե սա իմ գործը չէ, նա հստակ ասում է, որ առանց ռուսների ադրբեջանցիները մեկ միլիմետր անգամ չէին առաջանա։ Հետեւաբար ռուսներն էլ պիտի մտածեն միջազգային հարթակներում խաղաղապահի սեփական հեղինակության մասին։ ՀՀ ԱԳՆ-ն այսօր կասկածի տակ է դրել ռուսների խաղաղապահական հեղինակությունը։ Ու հիմա այս կոնտեքստում դիտարկե՛ք Ուկրաինայում ռուսների «հակաֆաշիստական առաքելությունը»։
Մի քանի օր առաջ Ֆրանսիան եւ Ամերիկան միաձայն ադրբեջանցիներին կոչ արեցին ղարաբաղցիներին գազային շանտաժի չենթարկել, իսկ երկու օր առաջ պահանջեցին, որ նրանք դուրս գան Փարուխից ու Քարագլխից։ Ե՛վ Ֆրանսիան, ե՛ւ Ամերիկան գիտեն, թե ով է Ղարաբաղում դրության տերը, Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը երկու օր առաջ շատ հստակ ասաց, որ Ռուսաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը Ղարաբաղում ու պիտի դուրս գա Մինսկի խմբից։ Ադրբեջանն իր հերթին ասում է, որ Մինսկի խումբ գոյություն չունի։
Պարզ է, չէ՞, արդեն, որ այս ամբողջ «ծաղկեփնջի» մեջ ինչքանով է հստակ, թե ով ով է. ռուսները, թուրքերը եւ ադրբեջանցիները մի խմբում են, հայերը, ամերիկացիները եւ ֆրանսիացիները՝ մյուս խմբում։ Ադրբեջանցիները թուրքերի հետ շտապում են լուծել Ղարաբաղի ադրբեջանականացումը, ռուսները առայժմ փոքրիկ պատժիչ գործողություններ են ձեռնարկում ի վնաս ավելի շատ իրենց, քան ղարաբաղցիների, իսկ ամերիկացիներն ու ֆրանսիացիներն այստեղ իրենց «տղամարդու» խոսքը ամենայն հավանականությամբ կասեն ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Գուցե ավելի վաղ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: