ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերած Ադրբեջանի քաղաքացիները ճամփորդական անձնագիր են ստացել նախքան գործարքը կնքելը։ Նշենք, որ ճամփորդական անձնագիրը տրվում է փախստականի կարգավիճակ ունեցողներին։
ՀՀ կադաստրի կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիները կատարել են անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացի ֆիզիկական անձինք Հայաստանում ձեռք են բերել 83 անշարժ գույք։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչեւ 2022-ը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք եւ 12 հողակտոր։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թվականների ընթացքում ձեռք են բերել 6 անշարժ գույք։