Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի զինված ուժերի եւ ռուս խաղաղապահների միջոցով, ինչպես նաեւ դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով ջանքեր են գործադրվում խաղաղություն ապահովելու եւ շփման գծի արեւելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Հարությունյանը մեկ անգամ եւս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում կայունության ապահովումն է:
Նա մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման եւ ուժային մարմինների միջեւ փոխգործակցության վերաբերյալ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը դեռ լարված է
Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ մարտի 28-ին շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, եւ օպերատիվ-մարտավարական իրադրությունը դեռեւս լարված է:
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, եւ օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական եւ զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր: