Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացին։
Էրդողանը հայտարարել է, թե Ուկրաինայում տիրող իրավիճակը շատ է մտահոգում եւ տխրեցնում Թուրքիային, որը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընկերն ու հարեւանն է։
Թուրքիայի նախագահը պատվիրակություններին դիմելիս հորդորել է հրադադար հաստատել։ Թուրքիան, ըստ նրա, պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների աշխատանքը հեշտացնելու համար։
«Եկել է ժամանակը, որ ռուս–ուկրաինական բանակցություններն արդյունք ունենան»,– ասել է Էրդողանը եւ հավելել, որ Անկարան պատրաստ է կազմակերպելու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։
Ռուս–ուկրաինական բանակցությունները մեկնարկել են Երեւանի ժամանակով 11:30-ին եւ անցկացվում են Դոլմաբահչեի նախագահական նստավայրում:
Պատվիրակությունների հանդիպման նախաշեմին ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Հարակից տների տանիքներին հերթապահում են դիպուկահարները: