Բրիտանական The Financial Times պարբերականը, հղում անելով բանավեճից քաջատեղյակ չորս պաշտոնյաների, հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ հիմնական, այդ թվում՝՝ Ուկրաինայում ռուսերենի կարգավիճակի վերաբերյալ պահանջները հանել է բանակցությունների օրակարգից։ Տեղեկությունը փոխանցած անձինք ցանկացել են անհայտ մնալ, քանի որ բանակցությունների գործընթացը դեռ չի ավարտվել։
Տեղեկության համաձայն՝ կրակի դադարեցման շուրջ ընթացիկ բանակցությունների շրջանակում Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ այլեւս առաջ չի քաշելու ապաազգայնականացման եւ ապառազմականացման վերաբերյալ նախկինում անզիջում համարվող պահանջները եւ նույնիսկ պատրաստ է Ուկրաինային թույլ տալու անդամակցել ԵՄ-ին, եթե Կիեւը պահպանի չեզոքությունը եւ ոչ մի ռազմական դաշինքի չհարի։
«Ռուսաստանի զիջումները պայմանավորված են այն հանգամանքով, որ ցամաքային հարձակումը, որն արդեն ձգվում է մեկ ամիս, զգալիորեն դանդաղեց Ուկրաինայի բավական կատաղի դիմադրության, ինչպես նաեւ ՌԴ օպերատիվ թերությունների հետեւանքով»,- գրում է պարբերականը։
Այդուհանդերձ, Ուկրաինան եւ նրա արեւմտյան կողմնակիցները թերահավատորեն են տրամադրված Պուտինի մտադրությունների առումով՝ վախենալով, որ ՌԴ նախագահը բանակցությունները կարող է օգտագործել որպես ծխածածկույթ՝ իր հյուծված ուժերը Ուկրաինայում վերականգնելու եւ նոր գրոհ ձեռնարկելու նպատակով։