Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունն ու 2023-ին Արցախին միջոցներ չհատկացնել։
Նախատեսվում է Հայաստանին ընդամենը 24 միլիոն դոլար տրամադրել։ Դա 21 միլիոն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն, ու որին հավանություն էր տվել ԱՄՆ նախագահը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն՝ ի դեմս գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, չի թաքցրել հիասթափությունն այդ որոշման կապակցությամբ։
Համբարյանը հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց դաշնակիցները, կոալիցիոն գործընկերներն ու հասարակական ակտիվիստները կաշխատեն, որ զգալիորեն ավելացնեն օգնության ծավալը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար:
Բայդենի վարչակազմի 2023 ֆինանսական տարվա բյուջետային հայտում նախատեսվում է Հայաստանին հատկացնել 23,4 միլիոն դոլարի օգնություն եւ 600 հազար դոլարի ռազմական օգնություն:
Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ծախսերի եւ իրավապահ մարմինների համար։