ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողներն անխոհեմաբար են կիրառում իրենց զենքի առանձին տեսակները, ինչը սպառնալիք է ստեղծում տարբեր տարածաշրջաններում, այդ թվում` Սեւ ծովում, մասնավորապես քաղաքացիական նավերի համար:
«Թուրք զինվորականները Ռումինիայի ափերի եւ Բոսֆորի նեղուցի մոտ երկու ծովային ական են վնասազերծել»,- շեշտել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարի կարծիքով Ուկրաինային զենք մատակարարելու Արեւմուտքի քայլերն անպատասխանատու են, իսկ դրա անվերահսկելի բաշխումը կարող է սպառնալիք ստեղծել եվրոպական պետությունների համար։
Շոյգուն նախազգուշացրել է, որ բնակչությանն ու վարձկաններին զենք տալը միայն բարդացնում է իրավիճակն ու հետագայում կարող է սպառնալիք ստեղծել հենց եվրոպացիների համար։ Նա հավելել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կշարունակվի, քանի դեռ չեն հասել առաջադրված նպատակներին:
Նախարարը նշել է, որ Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ընթացքում վերջին երկու շաբաթվա ընթացքում ոչնչացվել է շուրջ 600 օտարերկրյա վարձկան, ավելի քան 500-ը լքել է երկիրը:
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ ռուս զինվորականները Ուկրաինայի 210 բնակավայր 6079 տոննա բեռ են հասցրել։