Ըստ «Արմենպրես»-ի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է մեկ զոհվածի աճյուն:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանն ասել է, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու զոհվածի ինքնությունը։
Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել են 1355 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ:
Ինչպես նշել է Թադեւոսյանը, փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմն, առանց պատճառաբանության, չի թույլատրել:
Զուգահեռ շարունակվում են նաեւ հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները:
Հունան Թադեւոսյանն ասել է, որ ծառայության ներկայացուցիչներն ամեն երեկո անհետ կորածների ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրում՝ հաջորդ օրվա անելիքը: