Ուկրաինայի պատվիրակության անդամները Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել են, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, սակայն ոչինչ չպետք է խոչընդոտի ԵՄ-ին անդամակցությունը։
Պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան նշել է, որ Ուկրաինային պետք են ՆԱՏՕ համաձայնագրի 5-րդ կետի նման անվտանգության երաշխիքներ։ Նա հավելել է, որ պետք է ընտրել երաշխավոր երկրների։ Ուկրաինան իր անվտանգության երաշխավոր երկրների թվում կցանկանար տեսնել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին եւ Իսրայելին։ Ըստ Արախամիայի՝ եթե այլ երկրներ եւս ցանկանան ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը, Կիեւը չի առարկի։
Ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին էլ հայտարարել է, որ իրենք այդ անվտանգության երաշխիքները պատկերացնում են հետեւյալ կերպ․ անվտանգության երաշխավոր երկիրը պետք է պաշտպանի Ուկրաինային ցանկացած ռազմական հարձակումից։ Նման հարձակման դեպքում երեք օրվա մեջ պետք է իրավունք ունենան խորհրդակցություններ սկսելու, եւ երաշխավոր երկրները ռազմական օգնություն ցուցաբերեն Ուկրաինային։
Սրանք Ուկրաինայի երկու հիմնական պահանջներն են առայժմ, որոնք, ըստ պատվիրակության, ներկայացվել են ռուսական կողմին եւ սպասում են պատասխանի։
Համաձայնագիրը հնարավոր է միայն հրադադարի դեպքում
Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարել է, որ Ստամբուլում մարտի 29-ին անցկացված բանակցությունների արդյունքները բավարար են երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար։
Ըստ Պոդոլյակի՝ իրենք նախատեսում են հարցերի շուրջ Ուկրաինայի ժողովրդի համաձայնությունը ստանալ ու հանրաքվե անցկացնել։ Պոդոլյակը նշել է, որ Ղրիմին եւ Դոնբասին առնչվող թեմաները համաձայնագրում պետք է առանձին կետերով ներկայացվեն, սակայն ռազմական գործողությունների պայմաններում անհնար է նման պայմանավորվածության հասնել։
«Անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը հնարավոր է միայն հրադադարի եւ ռուսական զորքի դուրսբերման դեպքում։ Ղրիմի եւ Դոնբասի թեմայով 15 տարվա ընթացքում բանակցություններ կլինեն՝ պայմանով, որ ռազմական ուժ չի կիրառվի»,– շեշտել է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։